Քաղքացիական իր պարտքը կատարելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իր վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ, ասաց. «Ինչպես գիտեք ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, այդ որոշումները ցույց են տալիս, որ 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչև վերջ շինծու է: Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է։ Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»:
Նա նաև նշեց, որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Քոչարյանի դատավարության գործով:
Անդրադառալով որակմանը, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ Փաշինյանը դատական համակարգին ցուցումներ է տալիս, ընդգծեց, որ հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են:
«Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում»,- նշեց նա՝ ամփոփելով՝ Հայաստանի դատական համակարգը երբևէ այսքան ազատ չի եղել:









