Foto

ԵՏՀ խորհուրդը տեխնիկական կանոնակարգ է ընդունել ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը: «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտին լրագրողներին է հայտնել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ընդունվել է ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը: Փոխզիջումային պայամանավորվածութուններ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, ինչ ներկայացրել է հանձնաժողովը, այն էլ ընդունվել է»,- ասել է Սարգսյանը: «Տեխնիկական կանոնակարգը հաստատում է ԵԱՏՄ երկրներում կիրառման և իրագործման համար պարտադիր պահանջներն ալկոհոլի արտադրման, պահպանման, տեղափոխման, իրացման և վերացման գործընթացների անվտանգության վերաբերյալ: Անդամ պետությունները կապահովեն իրենց տարածքներում ալկոհոլային ապրանքների շրջանառությունն առանց հավելյալ պահանջների՝ տեխնիկական կանոնակարգում առկա դրույթներից բացի», - ասվում է ԵՏՀ-ի կայքում: Սարգսյանի խոսքով՝ կանոնակարգի գործունեությունը չի տարածվի ԵԱՏՄ երկրների տարածքով տարանցիկ անցնող ալկոհոլի վրա: Կանոնակարգին ենթակա չեն նաև անհատ ֆիզիկական անձանց կողմից պատրաստվող ալկոհոլային ըմպելիքները՝ նախատեսված անձնական օգտագործման համար: