Vesti.am-ը զրուցել է Արթիկի տարածաշրջանը ներկայացնող, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու, մասնագիտությամբ իրավաբան Սարգիս Պետրոսյանի հետ:
- Ինչպիսի՞ նախընտրական տրամադրություն է Արթիկում, մարդիկ ոգևորվա՞ծ են ընտրություններով:
Արթիկում և տարածաշրջանում նախընտրական իրավիճակը դրական կգնահատեմ: Մեր համաքաղաքացիների հետ շփվելով հասկացա, որ նրանց մեջ չի մարել հույսը և կենդանի է հեղափոխական ոգին։
- Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, խոչնդոտների հանդիպե՞լ եք այս ընթացքում:
Քարոզարշավի ընթացքը նույնպես դրական եմ գնահատում: Այս ընթացքում ջերմություն և բարյացկամություն եմ զգացել քաղաքացիներից, զգացել եմ իմ սիրելի համաքաղաքացիների աջակցությունը։ Մեծ խոչնդոտների չեմ հանդիպել, սակայն, ցավոք սրտի, քարոզարշավի առաջին օրերին Արթիկի բոլոր թաղամասերում փակցված նախընտրական իմ նկաները պատռել էին, իսկ գյուղերից մեկում նույնիսկ գողացել էին իմ նկարով մեծ պաստառը ։
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները, շանսերը:
Դրական արդյունքի եմ սպասում: Աստված առաջ, հուսով եմ, ամեն բան լավ կլինի:
- Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ պատրաստվում եք բարձրաձայնել Ազգային ժողովում, եթե հաղթահարեք անցողիկ շեմը:
Ես ունեմ նախընտրական ծրագիր, որին քարոզարշավի ընթացքում ծանոթացրել եմ մեր քաղաքացիներին: Այնտեղ ընդգրկված են բոլոր հարցերը և խնդիրները, որ անպայման կբարձրաձայնեմ խորհրդարանում։ Այնուամենայնիվ, ես կնշեմ մի քանի խնդիր, որոնց հատուկ ուշադրություն եմ դարձնելու և որոնք ամենացավոտն են ինձ համար։ Ինքս երիտասարդ լինելով՝ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդներն արտագաղթում՝ չկարողանալով աշխատանք գտնել։ Երկրորդը մեր երեխաների խնդիրն է։ Ամեն բան անելու եմ, որ նրանք ունենան անհոգ և ուրախ մանկություն և ապրեն հզոր և իրավական երկրում՝ լինելով պաշտպանված: Պետք է փորձենք անել ամեն բան, որ հինգ տարուց Շիրակի մարզն աղքատության ցուցանիշով առաջին հորիզոնականում չլինի ու մտնի զարգացման նոր փուլ։
- Երիտասարդ, նոր դեմք եք քաղաքականության մեջ, ի՞նչ այլընտրանք, նորություն ու տարբերվող գաղափարներ եք առաջարկում, որ այս 30 տարիների ընթացքում չի եղել:
Ինձ համար խորթ և անընդունելի են այն ծրագրերն ու գաղափարները, որոնց իրականացման միջոցներն ու եղանակները կամ չկան,կամ իրատեսական չեն։Միգուցե իրավաբանի մասնագիտությունն է ինձ այդպիսին դարձրել, որ խոսեմ միայն փաստերով։ Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում լինելու եմ օբյեկտիվ և բոլոր խնդիրները լուծվելու են ճիշտ, գրագետ և արդար ճանապարհով։
Վրույր Սևակ Vesti.am