Foto

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն տնտեսական աճի հստակ թիվ չեն կանխատեսում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական իր ծրագրի տնտեսության բաժնում ներկայացնում է տնտեսական զարգացման վերաբերյալ խոստումներն ու պատկերացումները: Ըստ այդ խոստումների՝ կբարելավվի բիզնես միջավայրը, բանկային համակարգը մատչելի կդառնա, արդյունավետ կգործի հարկային ու մաքսային քաղաքականությունը, կվերանայվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Լուսավարականները ծրագրի հենց սկզբում նշում են այն հիմնահարցերը, որոնց վերաբերյալ բարեփոխումներն առաջնային են: Դրանցից առաջինը վերաբերում է ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրմանը, սահմանի վրա ԱԱՀ գանձման չեղարկմանը, Հարկային օրենսգրքին  Սահմանադրական օրենքի կարգավիճակ տալուն ու թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։

«Իմ քայլը» դաշինքի նման ԼՀԿ-ն նույնպես կողմ է եկամտային հարկի միասնական դրույքաչափին, ինչի համար, սակայն, հստակ թիվ չի սահմանում: Կողմ է նաև շքեղության հարկի ներդրմանն ու հարկատեսակների քանակի կրճատմանը։

«Մենք շեշտը դնում ենք ոչ միայն  տնտեսական  թվային  աճի,  այլև իրական  տնտեսական զարգացման՝ աճի որակական ու ներառական մասով:  Դա  վերաբերում է մարդկանց կյանքի որակի բարձրացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, առողջությանը, կրթությանը, շրջակա միջավայրին, սոցիալական պաշտպանվածությանը, սննդի անվտանգությանը և  այլն:  Տնտեսական  աճը  պետք է լինի  ներառական,  ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները»,- գրված է ԼՀԿ-ի ծրագրում:

Ծրագրով նախատեսվում է փոքր ու միջին բիզնեսմեններին հարկային արձակուրդներ տալ 3 տարով, հարկերից ազատել գերփոքր այն տնտեսվարողներին, որոնց վերջին երեք տարիների շրջանառությունը չի գերազանցում 60 մլն դրամը։ ԼՀԿ-ի ծրագրի մյուս թիվը վերաբերում է շրջանառության հարկին, ինչի համար շեմ է սահմանվում 115 միլիոն դրամը:

Նկատենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում տնտեսական աճի մակարդակի վերաբերյալ առաջիկա տարիների համար կանխատեսումներ չկան։

«2019թ. հունվարի  1-ից կվերացնենք արագաչափերն ու կարմիր գծերը». սա էլ խոստանում են ԲՀԿ-ականները, որոնք նախընտրական իրենց ծրագիրը բաժանել են 36 մասի ու դրա հիմնական հատվածը նվիրել «հեղափոխական» տնտեսությանը: Ծառուկյանի գլխավորած ուժն առաջարկում է նաև կրճատել գործող հարկերի թիվն ու անփոփոխ թողնել եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակը:

«Վարկերի տոկոսադրույքների իջեցման, տույժերի ու տուգանքների սառեցման ու հետաձգման մասին հստակ կարգավորումներ պետք է լինեն: Պետք է իջեցվեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, բնակարան ձեռք բերելը դառնա առավել քան մատչելի»,- նշվում է տնտեսական հայեցակարգի մեջ:

Նշենք սակայն, որ կուսակցությունը հստակ ճանապարհ ու մեխանիզմներ չի առաջարկում բանկերի կողմից սահմանված տույժ տուգանքների մասին՝ չմանրամասնելով, թե ինչ գումարների մասին է խոսքն ու ինչ վնաս կարող է այն հասցնել այդ բանկերին: Կարճ ասած՝ ռիսկերը հաշվարկված չեն: Չի բացատրվում նաև, թե ինչպես են վերացնելու կարմիր գծերն ու արագաչափերն ու ինչպես են լրացնելու դրանց չեղարկման հետևանքով առաջացող բյուջետային բացը:

Սակայն, ինչպես քաղաքական ուժերից շատերի ծրագրերում, այստեղ էլ  չկան նախանշված ուղիներ կամ վերլուծություններ, թե ինչ գումարների մասին է խոսքը, կամ օրինակ, բանկերին ինչ վնասներ կբերի այդ ամենը։

ԲՀԿ-ի ծրագրում թվերը շատ չեն: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»՝ ԲՀԿ-ն 60-ի փոխարեն 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողի համար է առաջարկում մեղմացում կիրառել ու վերջիններիս առաջիկա հինգ տարիների ընթացքում ազատել հարկերից։ Շրջանառության հարկման ենթակա շեմն էլ, ըստ կուսակցության, մինչև 2020-ի հունվարի 1-ը պետք է սահմանվի 150 մլն դրամը:

Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրի հենց առաջին դրույթը վերաբերում է երկրի տնտեսությանը, որտեղ ավանդական կուսակցությունը նշում է ձեռնակարատիրությամբ զբաղվելու հավասար ու արդար պայմանների, մասնավոր հատվածի բիզնես ռիսկը պետության կողմից կիսելու, հայրենական արտադրողին աջակցելու, մենաշնորհների դեմ պայքարի, բնական մենաշնորհների ծառայությունների համար սահմանված գների մասին:

Ըստ ՀՅԴ ծրագրի՝ պետությունն իրավունք չունի հարևանցի հայացքով նայել շուկայի ձախողումներին՝ տնտեսության կարգավորումը թողնելով բացառապես «շուկայի անտեսանելի ձեռքին»: Կառավարող ուժն անմիջականորեն պետք է միջամտի մենաշնորհի առաջացմանն ու անհրաժեշտության դեպքում տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերն ստանձնի:

«Ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամտի չափից, միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»,- նշվում է ծրագրում: Նկատենք, որ ըստ այսօրվա գործող հարկային քաղաքականության՝ Հայաստանում եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափ է գործում՝ 23%, 26% և 28%, բայց 2019-ին նախատեսվում է ներդնել 23% միասնական դրույքաչափ:

Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը, ասում են ՀՅԴ-ականները, պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում։

Վրույր Սևակ Vesti.am