ՀՀ կառավարության նոյեմբերի 29-ի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «18000» թիվը և 6-րդ ենթակետում «24000» թիվը փոխարինել «25500» թվով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետում «16000» թիվը փոխարինել «25500» թվով.
բ. 2-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում «21500», «19000» և «16000» թվերը փոխարինել «25500» թվով.
գ. 3-րդ ենթակետում «16000» թիվը փոխարինել «25500» թվով։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, որոնք կազմում են.
1) ծերության նպաստի չափը՝ 16000 դրամ.
2) հաշմանդամության նպաստի չափերը՝
ա. 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ,
բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ,
գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ.
3) կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։
Պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է։
«Փաստորեն հունվարի 1-ից, սոցիալական առումով խոցելի խմբերը, որոնք ստանում էին 16 կամ 19 հազար դրամ թոշակներ, կստանան 25․500 դրամ, որովհետև սա այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն չսովելու համար»,-ընդգծեց նա։
Քննարկվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն ասաց, որ սրանով ևս առաջարկվում է աշխատանքային թոշակ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարել։
Նա նշեց, որ 25․500 դրամից ցածր աշխատանքային թոշակ է ստանում 17․000 մարդ։
«2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497․394 մարդ, որից աշխատանքային թոշակառուները 463․069»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մի հարց կա, որ օրենքի ընդունումից հետո պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն Կառավարության որոշումներում՝ նվազագույն կենսաթոշակի չափը 25․500 դրամ սահմանելու համար, սակայն, եթե մինչև հունվար չհասցնեն օրենքի այդ փոփոխությունները կատարելու համար, հետագայում հետադարձ ուժ կտրվի․ «Միևնույն է, այդ կատեգորիայի կենսաթոշակառուները չեն տուժի»,-ասաց նա։
«Անկախ նրանից մարդն աշխատել է, թե ոչ, պետութունը պետք է հոգա, որ իր քաղաքացիներն ուղղակի չսովեն, սովից չմահանան։ Այս որոշումն ուղարկելու ենք ԱԺ, չգիտենք, երբ կընդունվի օրենքը, բայց կարող ենք կիրառությունը սահմանել 2019 թվականի հունվարի 1-ից։
Որոշումն ընդունվեց։









