Ազգային ժողովի բակից մեկնարկեց «Սասնա ծռեր» կուսակցության քարոզարշավը: Կուսակցության անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան՝ լրագրողներին տեղեկացնելով, որ ասուլիսը խորհրդարանի բակից սկսելու մեջ որոշակի խորհուրդ կա:
«Քաղաքական հանգրվանի այն կետում ենք հայտնվել, որ վերջապես կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը»,- ասաց կուսակցության հիմնադիր Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա խորհրդարանն անցումային է լինելու, և երկու տարի հետո կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է լինելու:
Վերջինս ասաց, որ այդ ընթացքում պետք է ամեն բան անել, որ ընդունվի նոր Սահմանադրությունը:
Լրագրողների հարցին, թե արդյոք ՊՊԾ գնդի գրավումը բացասաբար չի անդրադառնա իրենց վարկանիշի վրա, Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Այս օրերին «BBC»-ն հարցում էր կատարել Երևանում և չէր գտնվել մի քաղաքացի, որը կասեր, թե «Սասնա ծռերը» ահաբեկիչ են»: