Պիզայի «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի է փոքրանում, հայտնել են դիտարկման խմբի փորձագետները:
Նրանց խոսքով՝ 57-մետրանոց աշտարակը վերջին 20 տարում 4 սանտիմետրով ուղղվել է, փոխանցում է «Интерфакс»-ը:
1990 թվականին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների այցելության համար փակել են՝ վախենալով, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին մասն ուղղաձիգից թեքվել էր 4,5 մետրով: 1993 թվականից մինչև 2001 թվականը մասնագետների ջանքերով հաջողվել է 45 սանտիմետրով նվազեցնել աշտարակի թեքության անկյունը: Աշխատանքների համար ծախսվել է 200 միլիոն ֆունտ (225 միլիոն եվրո):
Նշենք, որ Պիզայի աշտարակի կառուցումն սկսվել է 1173 թվականին. հենց այդ ժամանակից էլ աշտարակը թեքություն ունի:









