Foto

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստվում է բողոքարկել ՏՄՊՊՀ–ի տուգանքի որոշումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին, հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հանդեպ կիրառել է տուգանք 30 մլն դրամի չափով:

«Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել և չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը և չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:

Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»,– ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։