Foto

Դավիթ Անանյանի չգիտակցված պրովոկացիան կրակը գցեց ողջ կառավարությանը

Արդեն մի քանի օր է հանրության շրջանում, սոցցանցերում ակտիվ քննարկվում է, այսպես ասած, խոպանչիներին հարկելու նախագիծը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում դեռ նոյեմբերի 16-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անձամբ հայտարարել էր՝ «հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա»։

Այսօր արդեն Պետական եկամուտների կոմիտեն հանդես է գալիս հայտարարությամբ․

«ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»։

Մինչ այս Կառավարությունը հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ օրակարգին անցնելուց առաջ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս անդրադառնում է թեմային՝ հայտարարելով, որ «միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»։

Ակնհայտ է, որ Կառավարության ողջ կազմը բան ու գործը թողած, փորձում է «դուրս գալ» ՊԵԿ նախագահի հայտարարության տակից, բայց հարց է, թե որքանո՞վ է դա նրանց հաջողվում։

Դեռ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չներեց։ Հենց նույն օրը գիշերը նա հայտարարեց, որ պաշտոնից ազատում է «Ծառուկյանի» ու ՀՅԴ-ի բոլոր նախարարներին։

Չներվեց նաև  Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի արարքը, որը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Փաշինյանին խորհուրդ էր տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, և հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել:

Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Կառավարության ողջ կազմը փորձում արդարացնել ՊԵԿ նախագահի հայտարարությունը և նշանակություն չունի, թե դա արվել է անգիտակցաբար, թե՞ միտումնավոր։ Դավիթ Անանյանի չգիտակցված պրովոկացիան կրակը գցեց ողջ կառավարությանը։ Նախընտրական այս փուլում ավելի կարևոր գործ չկա՞, հաջորդ տարվա բյուջեի հարցը լուծե՞լ ենք, ՀԱՊԿ թնջուկը արդեն մոռացե՞լ ենք:

Իսկ միգուցե արտահերթ ընտրություններից առաջ հանրությունը ողջունի՞ Փաշինյանի կողմից ՊԵԿ նախագահին «պատժելու» փաստը։

Vesti.am