Foto

Կարևորվում է Ալավերդիի ձուլարանի աշխատակիցների հետագա ճակատագիրը, բայց խնդիրը դեռևս չի լուծվում

Նոյեմբերի 2-ին Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերություն այցելեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը, փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Այդ մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից:

Նրանք հանդիպեցին ընկերության ղեկավարներ Լուսինե Մեջլումյանին ու Նիկոլայ Ֆեոֆանովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պղնձաձուլական գործարանի վերագործարկման անհրաժեշտությանը: Պղնձաձուլական գործարանի աշխատանքների հարկադիր դադարը անընդունելի համարելով՝ Վարագ Սիսեռյանը նշեց, որ հանուն գործարանի 630 աշխատակիցների՝ կառավարությունն ամեն բան անելու է, որ գործարանը պարապուրդի չմատնվի: Նա նշեց, որ նախ կհետաձգվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ըկերությանը ներկայացված 380 մլն դրամ տուգանքի վճարումը: Բացի այդ քննարկումներ են տարվում նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ: Կառավարության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ գործարանի աշխատակիցների իրավունքներից զատ կարևորում են նաև քաղաքի ողջ բնակչությանը կարծիքը: Վ. Սիսեռյանն իր խոսքում շեշտեց, որ կառավարությունը բանակցում է տարբեր ներդրողների հետ, որպեսզի Ալավերդիում արտադրության այլընտրանքային ճյուղեր նույնպես լինեն: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց, որ այնպես ինչպես գործարանի աշխատակիցներն են իր հետ չմիջնորդավորված երկխոսության մեջ, նույնպես և ինքն է անմիջական կապի մեջ գտնվում կառավարության հետ: Իսկ կառավարության դիրքորոշումը հստակ է. կարևորվում է աշխատակիցների հետագա ճակատագիրը, բնապահպանական խնդրի կարգավորումը, այլընտրանքային նոր գործարանի կառուցման հեռանկարը և քաղաքի համակողմանի զարգացումը:

«Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարների հետ առանձնազրույցից հետո կառավարության ներկայացուցիչները նախ եղան գործարանում, ծանոթացան գործարանի պայմաններին, որից հետո հանդիպեցին նաև ընկերության աշխատակիցների հետ, այնուհետև այցելեցին Ալավերդու համայնքապետարան: Համայնքապետարանում քննարկվեցին սոցիալական այն բոլոր ծրագրերը, որոնք տարիներ առաջ իրականացվել են գործարանի կողմից ու հիմա դադարեցված են: Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանն ասաց, որ պղնձաձուլարանի աշխատանքը վերսկսելու դեպքում պետք է անել հնարավորինը ծրագրերը վերսկսելու համար: Քննարկվեցին նաև քաղաքի զարգացմանը, մասնավորապես զբոսաշրջության ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր:

Ավելի վաղ, ArmProd EXPO 2018 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խնդրի առնչությամբ ասել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: Նա նշել էր, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք»,-ասել էր նա՝ հավելելով, որ այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր: Լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում են չինական ընկերության՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հետ կապված բանակցությունները, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել էր, որ այս փուլում ակտիվ աշխատանք է տարվում չինացի գործընկերների հետ:

«Նոյեմբերին տեղի է ունենալու Չինաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այնտեղ, կարծում եմ, որոշակի զարգացումներ տեղի կունենան: Նախագիծը բավականին խոշոր է և ունի իր բարդությունները, բայց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի գործընթացը կայանա, և նախագիծը բնապահպանության առումով ապահով լինի»,- ասել էր նա: