ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Ուղիղ 6 ամիս առաջ՝ մայիսի 1-ին ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի հարցը և այսօր ևս այդ հարցն ենք քննարկում: Եվ բնականաբար, կա չգրված օրենք՝ իշխանությունը փորձում է ներկայացնել իր կատարած աշխատանքը, իսկ ընդդիմությունն էլ քննադատում է»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ կմնա պառլամենտական ոճի մեջ, կխոսի քննադատաբար և կարտահայտի իր կարծիքը կառավարության 6 ամսվա աշխատանքի մասին:
«Երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ և դրանից առաջ ինքը և իր կողմնակիցները նշում էին, որ այսպես ասած, սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում: Հիմա կհամեմատենք այդպես եղե՞լ է, թե՞ ոչ: Չնայած ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և լինեինք դրախտում»,- նշեց նա՝ հարց հնչեցնելով, թե այս ընթացքում ինչքան աշխատատեղեր են ստեղծվել, ներդրումային ինչպիսի ծրագրեր են իրականացվել, ինչպես է բարելավել ժողովրդի կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացե՞լ, թե՞ էժանացել են:
«Առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են: Առաջինում դրանք կազմել են 100մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդում՝ 9-ը: Հեղափոխությունից հետո ներդրումային բում էինք սպասում, եկանք-կանգնեցինք ներդրումային տաշտակի առջև: Նախատեսվում էր 6,5 տոկոս տնտեսական աճ, սակայն 2019 թվականով ակնկալվում է 4,9 տոկոս տնտեսական աճ: Ավելին՝ 2019 թվականի բյուջեով 3,5 տոկոս գնաճ է ակնկալվում և զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում: Ինչքա՞ն աշխատատեղ եք բացել: 10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ դրա մասին ռեպորտաժ է տալիս տնտեսական թողարկումներով, առավոտով, իրիկունով, էն դեպքում, որ Ալավերդու պնղնձաձուլարանը փակման եզրին ա: Չգիտեմ ով է մեղավոր, բայց 630 ալավերդցի էսօր կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի և փաստի առջև: Երբ հեղափոխություն դեռ չէիք արել, ձեր կողմնակիցները մեզ քննադատում էին է՛լ կարմիր գծերի, է՛լ տեսախցիկների համար: Հիմա էլ պարզվեց, որ կարմիր գծեր պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, տեսախցիկներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ շատացնենք: Է՞դ ոնց եղավ: Բա հեղափոխության շրջանում Ձեր կողմնակիցներն իրենց ներքնաշորերով էին փակում տեսախցիկները»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ անգամ, երբ բյուջեով գյուղատնտեսության հարցն էին քննարկում, ինքը հետաքրքրվել է, թե մանր և խոշոր եղջերավորների արտահանումը հեղափոխական տեմպերով է զարգացնելու, Փաշինյանը բացասական պատասխան էր տվել:
«Դուք ասացիք, որ այլևս մեկ հոգի չի արտահանելու և մեր եղջերավորներն ազատ են արտահանման համար: Հիմա մի հարց, պարոն վարչապետ, էդ եղջերավորները, որ այդպես ազատվեցին, ինչքան արտահանվեցին: Էդ որ գնացիք պոմիդորի ու վարունգի գինը հարցրեցիք, դրանից հետո ժողովուրդը դա ավելի էժա՞ն գնով առավ»,- նշեց նա:
Vesti.am









