Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլարի ներդրումն արվի Հայաստանում։
«ԱՄՆ նախկին դեսպանը հայտարարել էր, որ պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանի էներգահամակարգում։ Ի՞նչ է անում Կառավարությունն այդ ուղղությամբ»,– դիմելով Փաշինյանին՝ հետաքրքրվեց պատգամավորը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետք է ուշադիր լինել բոլոր ոլորտներում և առաջ գնալ համոզված քայլերով։
«Էներգետիկ ոլորտում ունենք հարցեր, որոնց պետք է պատասխանենք։
1. Միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը, 2. Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, 3. Վրաստանի հետ էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարները, 4. Տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալը, որովհետև շատ կարևոր է գնահատել էներգիայի պոտենցիալ պահանջարկը մեր երկրում։ Եթե մենք պիտի հենվենք մինչև հիմա արված հաշվարկների վրա, դա ինձ համար բավարար չէ, քանի որ դա արվել է տնտեսության կառուցվածի նախկին տրամաբանության հիման վրա։ Մեզ նոր հաշվարկ է պետք։ Վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման մեծ հեռանկար կա, այդ պրոցեսն սկսվել էր մեր կառավարությունից առաջ, և համոզված եմ, որ նոր թափով այն կզարգանա»,– ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է մայնինգի ոլորտի զարգացմանը Հայաստանում, Փաշինյանը նշեց, որ էներգետիկ հզորությունները մեզ դեռևս բավարարելու են. «Բացառվում է, որ առաջիկա հինգ տարում էներգետիկ դեֆիցիտի պատճառով որևէ ոլորտ չզարգանա, ուրիշ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով մենք լուրջ զբաղվում ենք»։
Vesti.am









