Foto

Անընդունելի է դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՅԴ

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը,  ՀՅԴ առաջիկա Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին, ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝

  • արժևորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները,
  • կարևորելով քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը,
  • իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,
  • արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության և արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,
  • որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝

  • արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
  • իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,
  • փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երևույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով։