Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Bloomberg»-ին և հայտարարել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, վերջերս ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ վերադարձել է ակտիվ քաղաքականություն, սակայն օրերս «Bloomberg»-ին տված հարցազրույցում նշեց, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
Նախ՝ ինքը հստակ հասկանում է, որ դա ոչ միայն իրեն որևէ աջակցություն չի ապահովելու և արձանագրվելու է ամոթալի զրոյական արդյունք, որն էլ հենց պաշտոնական հաստատումն է լինելու այն հանգամանքի, որ իր վերադարձը քաղաքականություն՝ անհնար է, այլև՝ մեծ է ռիսկը նրա համար, որ դա հասարակական ցասման նոր ալիք կբարձրացնի իր և իր ուժի հանդեպ: Եվ հետո հարց է՝ թե ովքեր են լինելու այդ հարցի ակտիվը: Միգուցե նախկինների մեջ բազում են նրանք, որ համակրում են իրեն, բայց հրապարակայնորեն ի ցույց դնելը դա, չեմ կարծում, թե որևէ մեկին ձեռնտու է: Եվ այդ նախկինները դա հասկանում են:
-Քոչարյանը նշել է, որ Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ է տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին և ինչը փաստացի կատարվում է այժմ: Նրա խոսքով՝ քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է տեղի ունենում և ձևավորվում է մենաշնորհային իշխանություն:
Նախ՝ հասկանալի է, որ Քոչարյանը պետք է ամեն կերպ վարկաբեկի այն ամենը, ինչ այսօր կատարվում է և այն ուժին, որն այսօր առաջատար դիրք է գրավում քաղաքական դաշտում: Բայց մի բան պետք է նկատի ունենալ այս համատեքստում. այո՛, ՔՊ-ն կարող է բացարձակ առաջնություն ստանձնել քաղաքական դաշտում, բայց դա, ժողովրդավարական համակարգի պայմաններում չի կարող երկար շարունակվել: Այս ընտրություններին հաջորդող ընտրություններում այդ վիճակն անպայմանորեն փոխվելու է: Եվ այդ հաջորդ ընտրությունները լինելու են արդեն հետևություններ արած և հստակ որոշումներ ընդունած ժողովրդի ընտրություններ: Դա նշանակում է, որ նորմալ է այս հեղափոխական իրավիճակում հեղափոխություն նախաձեռնած վարչապետի կուսակցության առաջնայնությունը, բայց նորմալ է լինելու նաև այդ ուժի ծանրակշիռ դիրքերի զիջումը նույնպես: Ազնիվ և ժողովրդավարական քաղաքականությունում այդպես է միշտ:
-«Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր»,-նշել էր Քոչարյանը: Արդյո՞ք Հայաստանում մենաշնորհային իշխանություն է ձևավորվում և Քոչարյանն էլ կարող է այն կազմաքանդողներից մեկը լինել:
Չեմ կարծում, թե նման վտանգներ կան: Իսկ կազմաքանդել որևէ բան, հուսով եմ՝ Քոչարյանը չի կարողանա: Որովհետև եթե բանը դրան հասնի, ապա կկազմաքանդվի Հայաստանն ընդհանրապես: Դրանում ոչ ոք որևէ կասկած չպետք է ունենա: Հուսանք, որ այս առաջիկա տանջալից երկու շաբաթները կանցնեն առանց խորհրդարանական հեղաշրջման և առանց ժողովրդական համընդհանուր և անկառավարելի ու ամենակուլ ցասման ալիքի: Հուսանք, որ երկու անգամ վարչապետ չի ընտրվի և երկիրը կգնա իր պատմության մեջ առաջին անգամ ազատ, ժողովրդավարական, արդար և անկեղծ խորհրդարանական ընտրությունների: Դա է այսօրվա ամենակարևոր խնդիրը:
Դուսյա Ղազարյան
Vesti.am