Foto

Երեխաների ագրեսիան այսօր ամենամտահոգիչ խնդիրներից է. հոգեբանի խորհուրդները ծնողներին

«Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի» ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ Vesti.am-ը զրուցել է հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրների, դրանց հաղթահարման շուրջ:

-Տիկի՛ն Խաչատրյան, հոգեբանին դիմելու մշակույթն արդյո՞ք ձևավորվել է հայ հասարակության մեջ:

Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, իհարկե, բավականին մեծ թիվ է կազմում դիմելիության առումով. և՛ երեխաների խնդիրների դեպքում են շատ դիմում, և՛ առհասարակ ընտանեկան պատմությունների դեպքում, և՛ հասուն տարիքին բնորոշ հոգեբանական խնդիրների դեպքում: Բոլոր խնդիրների դեպքում այսօր Հայաստանում, ինչ խոսք, մեծ է դիմելիության թիվը, նույնիսկ անհամեմատելի: Եթե նախկինում համարում էին, որ հոգեբանին դիմելն ամոթ է կամ շփոթում էին հոգեբուժական միջամտության հետ, այսօր, կարծես, հասկացել են և մեծ սիրով դիմում են:

-Այլ երկրներում ասում են «իմ հոգեբանը», ամեն մարդ ունի իր հոգեբանը, մեզ մոտ կա՞ այդ երևույթը:

Մեզ մոտ էլ է արդեն այդ մշակույթը զարգանում, նույնիսկ իրենց հարևան-բարեկամների մոտ պատմում են, որ իրենց հոգեբանը այս կամ այն մարդն է և համարում են մշտապես իրենց ընտանիքի կամ հենց իրենց հոգեբանը: Իհարկե, արտասահմանյան երկրների հետ համեմատած տարբերությունը շատ մեծ է այդ առումով, բայց մշակույթն աստիճանաբար զարգանում է:

-Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում հոգեբաններին:

Ինչ խոսք, մեծահասակների մոտ Հայաստանում նևրոզներն ամենաբարձր տոկոսն են կազմում: Սթրեսային իրավիճակներ, ներանձնային, միջանձնային կոնֆլիկտներ, ընտանեկան խնդիրներ, վախեր, դեպրեսիվ խանգարումներ: Երեխաների հետ կապված շատ տարածված խնդիրներ են զարգացման խնդիրները՝ տարիքային զարգացման հապաղումները, աուտիզմը, վախերը, ագրեսիվ վարքագիծը, վարքագծային խանգարումները, տագնապային խանգարումները, հասակակիցների հետ շփման խանգարումները, կոնֆլիկտային իրավիճակները, դպրոց գնալու մոտիվացիայի պակասը, վիշտը, կորուստը և այլն:

-Իսկ ինչո՞վ են պայմանավորված այդ խնդիրները:

Ե՛վ հասարակական կտրուկ անցումներով են պայմանավորված, և՛ մշակութային առանձնահատկություններն են կարևոր, ինչպես նաև անձի անհատական առանձնահատկությունների ոչ բավարար մակարդակը:

-Խոսեցիք երեխաների ագրեսիայի մասին, որո՞նք են դրա պատճառները:

Դա այսօր ամենամտահոգիչ խնդիրներից է: Ժամանակակից մուլտֆիլմերը, ֆիլմերը շատ մեծ ազդեցություն են թողնում ժամանակակից երեխայի ուրույն հոգեկերտվածքի ձևավորման վրա: Ագրեսիվությունը, որպես տարածված խնդիր, որը ձևավորվում է ընդօրինակման միջոցով՝ մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտելու կամ համակարգչային խաղեր խաղալու միջոցով, արմատներ ունի նաև ընտանեկան հարաբերություններում: Ժամանակակից ընտանեկան կարևորագույն կերպարները՝ հայրը և մայրը, ծանրաբեռնված են լինում միայն ֆինանսական պահանջները հոգալով, խաթարվում են ներընտանեկան հարաբերությունները, որի արդյունքում ընտանիքը դառնում է կոնֆլիկտային: Կոնֆլիկտի մեջ գտնվող երեխան ևս դառնում է  կոնֆլիկտային և ագրեսիվ: Բացի դրանից, բավարար ժամանակ չեն հատկացնում երեխաների հետ հոգեհուզական կապ ձևավորելու առումով, այսինքն՝ չեն զրուցում երեխաների հետ, խաղեր չեն կազմակերպում, զբոսանքի չեն գնում, երեխան մնում է անտեսված, ինչը նույնպես երեխաների մեջ տագնապ և միայնակություն է առաջացնում և արտահայտվում ագրեսիվությամբ: Խոսելով մուլտֆիլմերի մասին, մենք չպետք է մոռանանք հիմնական այն կոնցեպտը, որ երեխան չգրված տախտակ է. ինչը վերցնում է երեխան արտաքին աշխարհից, նույնությամբ փորձում է վերատադրել: Այսինքն, եթե մեծահասակը չի բացատրում երեխային որն է լավը, որը վատը, երեխան իր դիտած կադրերը ընկալում է որպես բացարձակ ճշմարտություն և փորձում է ընդօրինակել հերոսի վարքը, դրանով արտահայտում է իր ուժը, իր անհաղթահարելի լինելը: Ելնելով սրանից, ծնողը միշտ պետք է վերահսկողության տակ պահի, թե ինչ է դիտում իր երեխան և անպայման բարու և չարի, ուժեղի և թույլի մասին երեխայի հետ իր մեկնաբանությունները կատարի:

-Շատ ծնողներ հեռախոսը տալիս են երեխայի ձեռքը, իրենք էլ զբաղվում են իրենց գործերով, ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:

Ժամանակակից ծնողավարման մեջ ամենասխալ, ամենաանթույլատրելի երևույթն է՝ լի մի շարք բացասական հետևանքներով, երբ ծնողները զբաղվածության կամ հանգստանալու միակ ձևը համարում են հեռախոսը: Մենք պետք է չմոռանանք, որ երեխայի մարդկայնացման գործընթացը տեղի է ունենում իրական շփումներով և հաղորդակցման միջոցով՝ իրական կյանքի մարդկանց հետ և չպետք է մոռանանք, որ առաջին կերպարը, ում հետ երեխան ճանաչում է աշխարհը և ձևավորվում է խոր հոգեբանական կապվածություն և պաշտպանվածություն, տեղի է ունենում միայն մոր միջոցով: Պատկերացրեք, երբ խաթարվում են երեխայի իրական շփումները մեծահասակաների՝ առավելապես մոր հետ, ով զբաղված է իր հոգսերով, կամ այդպես իրեն հեշտ է, ինչպիսի բացասական հետևանքներ են ունենում երեխայի զարգացման առումով: Երեխայի մոտ արգելափակվում է հուզական ոլորտի զարգացումը, խոսքը, շարժունակությունը, աշխարհի մասին իրական ինֆորմացիան և երեխայի զարգացումը որպես անձ կանգ է առնում, ունենում ենք արդեն զարգացման խնդիրներով երեխաներ, կամ վարքագծային խանգարումներով երեխաներ: Քիչ չեն այն դեպքերը, երբ 2,5-3 տարեկանում երեխայի մոտ ախտորոշել են աուտիզմ, և երբ երեխաներին վերցնում ենք աշխատելու, հասկանում ենք, որ երեխան օրվա տևողության մեծ մասն անց է կացրել հեռախոսի կամ համակարգչի էկրանի դիմաց: Երբ երեխայի հետ որոշակի ժամանակ աշխատում ենք և ծնողներին կոնկրետ հանձնարարականներ են տրվում նույն երեխայի հետ ինչպես պետք է առօրյան անցկացնեն և ինչ աշխատանքներ պետք է տարվեն, որոշ ժամանակ անց շտկվում են երեխաների պրոբլեմները: Ժամանակակից աշխարհում միայն երեխա ունենալու փաստը շատ քիչ է, մենք պետք է ունենանք հատուկ միջոցառումների շարք, որտեղ ծնողները կյուրացնեն ծնողավարման համապատասխան հմտությունները, որը կնպաստի, որպեսզի երեխաները զերծ մնան տարաբնույթ խնդիրներից և հոգեբանական պրոբլեմներից:

-Ձեր հորդորը հայ հասարակությանը:

Իմ հորդորն է, որ չվախենան հոգեբանական խնդիրներից, եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում: Մենք միշտ զարգանում ենք և հասունանում խնդիրների լուծման ճանապարհով: Խնդիրները մեզ նոր հնարավորություն են տալիս աշխարհին նայել նոր աչքերով, ձեռք ենք բերում նոր հմտություններ և նոր որակներ: Եթե լինում են իրավիճակներ, որ զգում եք՝ սեփական ուժերը դարձել են անբավարար և չեք կարողանում հաղթահարել, լավագույն տարբերակը պատրաստակամորեն դիմել հոգեբանի, ով դառնում է ուղեկիցը և օգնողը՝ պրոբլեմային իրավիճակների հաղթահարման ճանապարհին:

Հ.Գ. Հարցազրույցն անցկացվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում:

Մերի Բալասանյան

Vesti.am