Foto

Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթներին. Զոհրաբ Մնացականյան

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը մի շարք նախաձեռնություններ կիրականացնի: Նա փոխանցեց, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն՝ Հայաստանում կկազմակերպվելու է տնտեսական ֆորում Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ:

«Հայաստանը մեծ հպարտություն է զգում՝ միջազգային կարևոր հանդիպման հարթակ լինելու համար, իսկ հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթներին: Մենք գրկաբաց ընդունել ենք տարբեր մայրցամաքներից ժամանած երկրների ներկայացուցիչների: Հայաստանի երիտասարդությունը իր խանդավառությամբ, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով ներգրավվեց միջոցառումներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար: Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որոնք ապրեցինք Երևանի սրտում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում»,- շեշտեց Մնացականյանը:

Vesti.am