ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, թե Փաշինյանն ազնիվ է իր նպատակներում ու ինքը կանգնելու է նրա կողքին, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, թե «դե ֆակտո» դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական պատգամավորների անսպասելի հայտարարությունների շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:
- Պատգամավորների հայտարարությունները կարո՞ղ ենք դիտարկել քաղաքական տխնոլոգիաների համատեքստում:
Բացարձակ տեխնոլոգիաներ չեմ տեսնում, որովհետև քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները, քաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, հոկտեմբերի 2-ին օրենք ընդունեցին ու կասեցրեցին խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը: Դրանից հետո տեղի ունեցան երևույթներ, ու այն մարդիկ, որոնք որ ձեռնարկել էին այդ օրենքի ընդունումն, իրենք էլ հասկացան, որ օրենքով հնարավոր չէ կասեցնել պատմության ընթացքն ու փորձել կանխել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
- Վերջիններիս այդ հայտարարություններն ի՞նչ համատեքստում կարող ենք դիտել: Նրանք փորձում են ասել, թե ժողովրդի կողքի՞ն են:
Բացարձակ, դրա հետ ոչ մի առնչություն չունի, ես կասեի, թե այդ հայտարարությունների հիմքում կապիտուլիացիան է: Հանրապետականը պարտվել է, ու նրանց մի մասը դեռ փորձում է ձգել ու մնալ մինչև մայիս՝ մտածելով, թե հնարավորություն կունենան վերադառնալ խորհրդարան: Ու ես ձեզ ասեմ, որ դա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ. համաշխարհային պատմության մեջ շատ են դեպքերը, երբ որ քաղաքական գործիչները փորձել են այս կամ այն կերպ մնալ իշխանության մեջ՝ համակերպվելով նոր իրավիճակին: Այժմ ոչ ոք չի կարող գուշակել, թե այդ արտահայտությունների հիմքում ինչ է դրված: Բնականաբար, մի քանի հոգի էլ հասկացան, որ այլևս դիմադրությունն անիմաստ է դառնում, ու նման հայտարարություն անելով՝ իրենց մատուցած որոշ ծառայությունները հետագայում կարող են ընդունել նոր իշխանությունների համար:
- Այսինքն ՝ տեղի ունենա այն նույն սցենարը, ինչ որ ՀՀՇ-ականների դեպքո՞ւմ եղավ:
Չեմ կարող ասել՝ այդ նույն սցենարը կլինի, թե ոչ, բայց ակնհայտ էր, որ «Հանրապետականը» ռեբրենդինգի այդպես էլ չգնաց ու այդ ուղղությամբ որևէ քայլ չարեց: Չի բացառվում, որ այդ կուսակցությանը միտումնավոր հասցրեցին մի իրավիճակի, որ դեկտեմբերին կայանալիք ընտրություների ժամանակ նա ուղղակի դուրս մնա խորհրդարանից: Եթե հունիսին ռեբրենդինգ իրականացվեր, ապա դա ընկալելի կլիներ հասարակության կողմից, բայց եթե ընդունենք, որ ռեբրենդինգ անելու ուղղությամբ միտումնավոր քայլեր չձեռնարկվեցին, ապա շատերը հասկացան, որ սա դավադրություն էր ու կամաց-կամաց սկսեցին լքել նավը:
Վրույր Սևակ Vesti.am