Foto

Ռոբոտ Սոֆյան Հայաստանում կմասնակցի բիզնես-համաժողովի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը տեղեկացրեց, որ Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) շրջանակում անցկացվող բիզնես-համաժողովին կմասնակցի մոտ 360 ձեռներց:

«Բիզնես-համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-10-ը  և կազմված կլինի 2 մասից: Հոկտեմբերի 9-ին բոլոր մասնակիցները կմասնակցեն բիզնես-տուրի, կայցելեն «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես, Երևանի կոնյակի գործարան: Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա բիզնես- համաժողովի բացումը: Այն կանցկացվի երեք զուգահեռ թեմայով՝ ինդուստրիալ հեղափոխություն, կայուն զարգացում, կոմերցիոն հարաբերություններ, արտահանում  և ներմուծում»,- նշեց փոխնախարարը և հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում առաջին անգամ տնտեսական համաժողով է կազմակերպում Հայաստանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ համաժողովն ավելի փոքր, թիրախային խմբի համար է:

Բիզնես-համաժողովի շրջանակներում կհիմնվի ՏՏ նախարարների ցանց:

«Խոսքը Ֆրանկոֆոն ՏՏ նախարարների ցանցի մասին է: Երևանում տեղի կունենա նախարարների նիստը, որի ժամանակ սահմանվելու են ցանցի գործունեության հետագա ուղղությունները»,-նշեց նա:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ համաժողովի հիմնական բանախոսներից է լինելու և Հայաստան է ժամանելու ռոբոտ Սոֆյան:

«Սոֆյան աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատարյալ դրսևորումն է, միակ ոչ մարդն է, ով ունի ՄԱԿ-ի տիտղոս: Նա մասնակցելու է հարցուպատասխանի: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի»,-նկատեց նա:

Vesti.am