«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչն է Վարդան Մինասյանը: Այդ մասին հայտնում են ակումբից:
Նա ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:
Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում:
2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը:
2009-2014-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:
2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:
Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:
Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է:
«Հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Վարդան Մինասյանին մաղթում ենք հաջող աշխատանք մեր թիմում, վստահ ենք, որ նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր թիմը հաջողության կհասնի»,-ասվում է հաղորդագրության մեջ:









