Foto

Անպտղություն դիագնոզն ամենասթրեսոգեն գործոններից մեկն է տղամարդու համար. սեքսապաթոլոգ

Սեքսոլոգիական խնդիրները մեծամասամբ ենթարկվում են բուժման: Այդ մասին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում Vesti.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, Առողջապահության նախարարի սեքսապաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

-Այս թեման Հայաստանում, կարծես, փակ լինի: Ինչպիսի՞ն է մարդկանց դիմելիությունը սեքսապաթոլոգներին:

Կարող ենք ասել, որ կարծրատիպերը կոտրվել են, և մարդիկ իրենց սեռական խնդիրների արձանագրման, բարձրաձայնման և բժշկին դիմելու առումով բավականին առաջընթաց են գրանցել: Տարեցտարի ավելանում է սեքսապաթոլոգներին դիմողների թիվը: Ուրախալի է նաև այն փաստը, որ նույնիսկ մինչև ամուսնանալն անցնում են նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն, որը մեծապես կանխում է հետագայում սեռական խնդիրների, սեքսուալ աններդաշնակությունների առաջացումը և շատ դրական է ազդում հետագայում ամուր ընտանիք ունենալու առումով: Փաստ է, որ ամուսնալուծությունների մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն ամուսնական սեքսուալ աններդաշնակությունները, որոնք կարելի է կանխել նույնիսկ նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվության միջոցով: Պետք է նշել, որ ամուսնական զույգերի պարագայում սեքսուալ խնդիրների հայտնաբերման առումով ամենազգայուն կողմը կինն է և, եթե տղամարդը նույնիսկ դիմում է սեքսապաթոլոգի, ապա դիմելու նախաձեռնողը կինն է, քանի որ կինն ավելի ճիշտ է ընկալում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ինտիմ կյանքում և հարց է բարձրացնում: Իհարկե, գովելի է նաև այն հանգամանքը, երբ ամուսիններն ականջալուր են լինում այդ խնդրին և չեն խուսափում դրա քննարկումից և բուժումից: Սեքսոլոգիական խնդիրները մեծամասամբ շատ լավ ենթարկվում են բուժման և նույնիսկ կարճ ժամանակահատվածում արձանագրում ենք բավականին լավ արդյունքներ, ինչը կանխում է հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջացումը:

Ի ուրախություն մեզ պետք է ասել, որ ներկայումս անպտղությունների կառուցվածքում հավասարապես կնոջ և տղամարդու դերակատարության արձանագրումն արդեն ընդունում են նաև երկու կողմն էլ: Դա բավական ակտուալ խնդիր է: Անպտղության բուժման ժամանակ ընդհատումները լինում են հիմնականում այն պատճառով, որ ընտանիքում սկսում են արձանագրվել նաև սեքսուալ խնդիրներ, ինչի կանխարգելման համար պետք է անպայման սեքսոլոգիական օգնություն զույգերին, որոնք գտնվում են բուժման մեջ: Միջազգային տվյալներով, իհարկե, կնոջ և տղամարդու ֆակտորը հավասար դերակատարություն ունի թեև 5-10 տոկոս դեպքերը մտնում են չբացահայտված ծագումնաբանության մեջ: Զույգերը հավասարապես պատասխանատվություն են զգում այս խնդրի լուծման առաջ, ինչը շատ ուրախալի է: Զույգային թերապիան ամենաարդյունավետն է սեքսուալ խնդիրների բուժման առումով:

-Ամուսնությունից հետո ո՞րն է միջին ժամանակահատվածը՝ հասկանալու համար անպտղություն կա՞, թե՞ ոչ:

Ըստ միջազգային ուսումնասիրությունների` մեկ տարի ժամանակահատված է անհրաժեշտ, որի ժամանակ զույգն ապրում է առանց բեղմնականխման մեթոդների և չի արձանագրվում հղիություն. դա առաջնային անպտղությունն է: Կան նաև երկրորդային անպտղության դեպքեր, երբ առաջին երեխայից հետո երկրորդ երեխայի դեպքում ունենում են դժվարություններ:

-Ինչո՞վ է պայմանավորված երկրորդային անպտղությունը:

Տարաբնույթ պաթոլոգիական գործոններ՝ սկսած էկոլոգիական գործոններից, տոքսիկ ֆակտորներ, խրոնիկական բորբոքային հիվանդություններ, հորմոնալ գործոններ, սթրեսոգեն գործոններ:

-Անպտղության պարագայում կանա՞յք են ավելի խոցելի, թե՞ տղամարդիկ:

Մեր հետազոտությունները վկայում են, որ ավելի խոցելի են տղամարդիկ, որովհետև տղամարդկանց մոտ դա ասոցացվում է իր սեռային դերի հետ, սեփական դերի թերագնահատում է գնում, տղամարդն ավելի քիչ է կարողանում այդ հարցն արծարծել իր ընկերների մոտ, քան կինը և շատ ավելի ուժեղ է ենթարկվում սոցիալական ճնշումների:

Մեր ուսումնասիրությունները նաև փաստեցին, որ անպտղություն դիագնոզն ամենասթրեսոգեն գործոններից մեկն է տղամարդու համար, նույնիսկ հավասարազոր մոտ հարազատի կորստին: Բուժման առումով որոշակի դժվարություններ է առաջացնում նաև այն հանգամանքը, որ ամուսնական գույգերին պարտադրում են հարաբերություն ունենալ կոնկրետ օրերին, երբ հավանական է հղիությունը, սերմնահեղուկի բազմաթիվ հետազոտություններ հանձնել լաբորատոր պայմաններում, սխալ է դա: Այս գործոնները տղամարդու վրա խիստ բացասական ազդեցություն են ունենում և առաջ են բերում նաև էրեկցիայի լրջագույն խանգարումների:

-Բուժման առումով, միջազգային փորձի հետ համեմատած, Հայաստանում ի՞նչ մակարդակ է:

Բոլոր այն միջազգային պրոտոկոլները, որոնք նախատեսված են անպտղության բուժման համար, Հայաստանում կիրառվում են: Ինչպես նաև Հայաստանում զարգացած է և մեծ կիրառում ունի արտամարմնային բեղմնավորումը, որը նույնպես համահունչ է միջազգային փորձին: Դեղորայքային, հետազոտական որևէ դժվարություն, սահմանափակում Հայաստանում գոյություն չունի:

-Հեշտությա՞մբ են զույգերը համաձայնում արտամարմնային բեղմնավորման:

Շատ դժվար են իհարկե համաձայնում: Դրան գնում են, երբ սպառված են դեղորայքային բուժման և ինքնուրույն հղիանալու բոլոր շանսերը: Արտասահմանյան երկրներում մոտեցումը փոքր-ինչ այլ է. կան որոշակի ցուցանիշներ, որոնց դեպքում զույգերը պետք է դիմեն այդ միջոցին:

-Կա՞ որևէ հետազոտություն, թե դիմողների քանի տոկոսն է հասնում վերջնական բուժման:

Դա կախված է ի սկզբանե անպտղություն հարուցած գործոններից: Իհարկե, տղամարդկանց պարագայում բուժման հավանականությունը ցածր է այն դեպքում, երբ ազոոսպերմիա  (սերմնահեղուկում բջիջների բացակայություն) է: Մնացած բոլոր դեպքերում, երբ սերմնահեղուկի քանակական և որակական հատկանիշները փոփոխված են, բայց ոչ ծայրահեղ վիճակում, այդ ժամանակ բուժման հավանականությունը շատ ավելի բարձր է:

-Ձեր խորհուրդը հայ հասարակությանը:

Կարևորագույն հանգամանք է կանխարգելումը, դա վերաբերում է ինչպես առողջ ապրելակերպի խրախուսմանը, մշտական զուգընկեր ունենալուն, որովհետև տարաբնույթ անպաշտպան սեռական հարաբերությունները հետագայում սեքսոլոգիական լուրջ խնդիրներ են  առաջ բերում: Կարևոր է նաև վնասակար սովորություններից խուսափելն ու դեռահասային տարիքում համապատասխան պատվաստումներ իրականացնելը, որը մի քանի առումներով բացառիկ դերակատարություն ունի, ինչպես նաև առաջնային բուժօղակների կողմից ուշադրությունը հրավիրել էնդոկրին խանգարումների կանխարգելմանն ու բուժմանը՝ արդեն դեռահասային տարիքում:

Մերի Բալասանյան

Vesti.am