Foto

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջանկյալ դրական որոշում է կայացվել

Սեպտեմբերի 27-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը և մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

Տեղեկանք. «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000-ից թվականից նեռարված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հանդիսանալով  մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

«Ուժեղացված պաշտպանությունը»ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ  հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է  քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: