Vesti.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մասին: Ինչպես անցավ քարոզարշավը, որոնք են առաջատար ուժերը և ինչպիսի ընտրություն կկատարեն երևանցիները:
- Պարոն Բադալյան, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Ինչպե՞ս կգնահատեք դրա ընթացքը:
Քարոզարշավի ընթացքի մասին ասեմ հետևյալը. երկու ուժ կան, որ պայքարում է հաղթանակի համար: Որոշ ուժեր ընդամենը մասնակցում են այս քարոզարշավին տարբեր նպատակներով: Կան ուժեր, որոնք մասնակցում են ավագանիի կազմում զգալի տեղ ունենալու համար, կան ուժեր, որոնք մասնակցում են միայն նրա համար, որպեսզի անցնեն տոկոսային անցումային շեմը և որոշակի ներկայություն ունենան, կան ուժեր, որոնք մասնակցում են նրա համար, որպեսզի այստեղ իրենց բենեֆիսը տեղի ունենա և կան ուժեր, որոնք մասնակցում են ուղղակի իրենց մասին հիշեցնելու համար: Այսինքն՝ յուրաքանչյուրը մասնակցում է տարբեր նպատակներով: Սա առաջին: Երկրորդ. կարող ենք ասել, որ բովանդակային տեսակետից շատ թույլ քարոզարշավ էր: Նույն տեսակետներն էին՝ աղբահանություն, վերելակների վերանորոգում, տրանսպորտի վիճակ: Այնպիսի տպավորություն էր, որ մենք սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի գլխավոր հավաքարար, գլխավոր «լիֆտյոր» և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի վարիչ: Այսինքն չկա տեսակետների զարգացում:
Երրորդ. տեխնոլոգիական տեսանկյունից նույնպես շատ աղքատիկ էր քարոզարշավը: Չորրորդ. որոշ ուժեր բավականին մեծ պոտենցիալ ունեին, բայց չկարողացան լիարժեք ներկայանել և իրենց պոտենցիալի շատ ցածր տոկոսը ներկայացրեցին:
- Որո՞նք են Ձեր կարծիքով առաջատար ուժերը:
Քարոզարշավը ցույց տվեց, որ ֆավորիտ ուժերը երկուսն են՝ «Իմ քայլ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք իրականում պայքարում են հաղթելու համար:
- Քարոզարշավի ժամանակ ինչ-որ պահից սկսած ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր սկսեցին փոխադարձ մեղադրանքներ ուղղել իրար: Սա կարո՞ղ է որևէ կերպ ազդել ընտրողների որոշման վրա:
Հասկանալի է, թե ինչու «Իմ քայլը» դաշինքն ակտիվ գրոհ ձեռնարկեց ԲՀԿ-ի վրա: Դրա նպատակն այն էր, որ իրենք տեսնում էին՝ իրենց հիմնական մրցակիցը ԲՀԿ կուսակցությունն է: Բնական է, որ «Իմ քայլը» դաշինքն իր առջև նպատակ է դրել ամեն գնով տիրանալ քաղաքապետարանին: Այդ պատճառով նրանք անցան պայքարի ոչ այնքան ցանկալի մեթոդին, որն օրենքի խախտում չէ, որովհետև դատարանի համապատասխան որոշում չկա՝ չնայած շատերը հակառակն են պնդում: Հիմա սա կազդի՞ ընտրողների տրամադրության վրա, թե՞ ոչ, դժվար է ասել:
Նշենք նաև, որ «Իմ քայլի» քարոզարշավն զգացմունքային էր. դաշինքի թեկնածուն դեռևս չկայացած քաղաքական գործիչ է, և բնականաբար նրա չկայացվածությունը ծածկվում էր վարչապետի զգացմունքային ելույթներով:
Պետք է նաև նշել, որ սոցիալական ցանցերը հիմնականում չեն ներկայացնում երևանցիների տրամադրությունները. Երևան քաղաքը և ֆեյսբուքը դրանք տարբեր հասկացություններ են:
- Ի՞նչ նշանակություն ունեն այս ընտրությունները, ինչպես հաճախ ընդունված է ասել, «նոր» Հայաստանի կյանքում:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, երբ կփակվեն Երևանի ընտրատեղամասերը, Երևանում հեղափոխական վիճակը կհամարվի արդեն ավարտված: Կլինի իշխանություն և ընդդիմություն: Սա առաջին դրական քայլը կլինի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում: Երկրորդն այն է, որ Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից: Նրանցից շատերին չենք ճանաչում: Այսպիսով` ընտրությունների ավարտին քաղաքական դաշտ կմտնի մոտավորապես 55-60 քաղաքական նոր դեմք, որոնք լճացած քաղաքական դաշտ թարմություն կբերեն: Այս երկու դրական երևույթը տեղի կունենա. հեղափոխությունը կավարտվի և նոր դեմքեր կմտնեն քաղաքական դաշտ:
Լուսինե Առաքելյան
Vesti.am