ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աղբահանության ու ճանապարհների խնդիրների վերաբերյալ հարց բարձրացրեց:
«Ամենակարևորը սրանցով զբաղվող չկա, լավ, ասենք՝ քաղաքապետ չունենք, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք մինչև քաղաքապետի ընտրվելը, որևէ մի պատասխանատու չկա՞»,-ասաց նա:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանելով՝ խոստովանեց, որ Երևանում աղբահանության վիճակը բավական ծանր է:
«Խնդիրը «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պարտավորությունները չկատարելու մեջ է: Մեր անմիջական մասնակցությամբ «Սանիթեքը» երկու անգամ քաղաքապետարանի կողմից տուգանվել է»,-ասաց նա:
Բացի այդ, նախարարն ասաց, որ ինքը հանդիպել է ընկերության տնօրինության հետ, և պատճառաբանում են, որ ավտոպարկը չի թարմացվել, և մեքենաների զգալի մասը խափանված է:
Նա նկատեց, որ պետք է փաստել, որ խնդիրը նոր չէ, դեռ նախորդ ամռանն այս խնդրի հետ ևս երևանցիները բախվել են: