Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն այսօր համատեղ ասուլիս ունեցան:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շատ կարևոր խոսակցություն են ունեցել և բանակցությունների ընթացքում երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ են ձևակերպել:
«Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են և մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների մակարդակին, այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի երկու ժողովուրդների միջև»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերություններում փոխայցելությունները շարունակական են լինելու:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքով նոր խթան կհաղորդվի տնտեսական, քաղաքական հարաբերություններին։
«Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև ներկայացրեց, որ Վրաստանի վարչապետը նոր ամբիցիոզ ծրագիր է առաջարկել, որին աջակցում է Հայաստանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի առջև կդրվի խնդիր ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրային, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տեմպը պետք է շարունակել և վստահ քայլերով գնալ առաջ»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասաց, որ առաջիկայում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կողմերը կպայմանավորվեն ճանապարհային քարտեզ ստեղծելու մասին։
«Ինձ համար պատիվ է լինել բարիդրացիական երկրում, որն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ։ Վրաստանը և Հայաստանն այս տարի նշել են Առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը», - ասաց Բախտաձեն։
Խոսելով հանդիպման արդյունքների մասին` Բախտաձեն նշեց, որ կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը։
«Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի հարցեր, պայմանավորվել միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու մասին», — նշեց Վրաստանի վարչապետը։
Vesti.am