ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպումից հետո հարցի մասին զեկուցել է վարչապետին:
Հիշեցնենք, որ գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում էին մթերման գինը բարձրացնել: Նրանք խաղող մթերող կազմակերպություններից պահանջում են խաղողը մթերել ոչ թե 140 դրամով, այլ ինչպես ավելի վաղ խոստացել էին՝ 160 դրամով: Վերջիններս նշում են, որ գարնանն իրենց խոստացել են, որ խաղողը մթերելու են 160 դրամով, բայց հիմա մթերման գին են սահմանել 140 դրամը։
Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ հարցի լուծումները դեռևս քննարկման փուլում են, ապա հավելեց, որ հանդիպել են երկու խոշոր մթերողի հետ, իսկ երկուշաբթի օրը երրորդ խոշոր մթերողի հետ հանդիպում կլինի:
«Մենք լսում ենք կոնյակ և գինի արտադրողների մտահոգությունները, ծրագրերը և փոխանցում ենք խաղող արտադրողների մտահագությունները և մոտեցումները, փորձում ենք կամուրջ դառնալ բիզնեսի և գյուղացիների միջև՝ առանց որևէ միջամտության,- շեշտեց նա` հավելելով,- պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրել, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են: Մենք փորձում ենք կամրջել գնորդին ու վաճառողին, օգնել, որպեսզի շուկան ընդհանուր, բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի»:
Անդրադառնալով հարցին, թե ինչքանով է տեղին գյուղացիների բողոքը, Խաչատրյանը նկատեց՝ Երևանի կոնյակի գործարանի հետ պայմանագրով ֆիքսված է եղել նվազագույնը 130 դրամ:
«Երկարաժամկետ պայմանագրով որևէ մեկի հետ այլ գին ֆիքսված չի եղել: Իսկ քանի որ գործարաններից մեկն ավելի բարձր գին էր առաջարկել, շուկայում որոշակի ակնկալքիներ էին առաջացել, բայց պայմանագրային պարտավարության մեջ, երկարաժամկետ 7 տարվա պայմանագրերի, որ կնքում էին, նվազագույն գին է ֆիքսված եղել գինը 130 դրամը»,- բացատրեց Խաչատրյանը:
Անդրադառնալով խաղողի բերքի ծավալներին՝ նախարարը նշեց, որ բերքի չափը նախորդ տարվա հետ համադրելի է, գուցե՝ մի քանի տոկոսով ավելի քիչ:
«Նույն կարգի են, ինչպես նախորդ տարի կամ, գուցե, մի փոքր ավելի պակաս, որովհետև գարնան նախաշեմին ունեցանք ցրտահարություն, հետո մայիսին կարակուտ եղավ, հետո անսպասելի օգոստոսյան կարկուտը եղավ, որը տեղացիները ասում են, որ Արմավիրի մարզում օգոստոսին չտեսնված բան էր»,- ամփոփեց բանախոսը:
Vesti.am









