Foto

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց մենք հուսով ենք. Ռուստամյան

Մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա վկայում է այն մասին, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել: Այդ մասին այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ պատգամավորը նկատեց նաև՝ երկու երկրների ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր երկրոդական պետք է լինի: Իսկ Փաշինյան-Պուտին հանդիպման մասով էլ ասաց, որ մեծ ակնկալիք ունի այդ հանդիպումից, ու նմանատիպ հանդիպումները հենց նրա համար են, որ վերջապես պարզաբանվեն առկա բոլոր խնդիրները, լուծումներ գտնվեն դրանց համար և մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չխաթարվի որևէ պարագայում, ինչը մեզ համար կարող է լուրջ, ճակատագրական հետևանք ունենալ:

«Երկու երկրների առաջնորդների հանդիպումը կարելի է համարել լիարժեք հանդիպում: Սա երկկողմանի առաջին լուրջ հանդիպումն է, և պետք է բաց խոսել բոլոր թեմաներով: Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ միշտ աչքի է ընկել նրանով, որ նույն բանն է ասել թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում. սա պետք է կարողանանք պահպանել»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այցը կարևոր է նաև այն մասով, որ քննարկման սեղանին կարող է դրվել Արցախի հարցի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը:

Նիկոլ Փաշինյանն ունի՞ հստակ հայեցակարգ՝ Արցախի հիմնահարցի հետ կապված. Ռուստամյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը: Նա արձագանքեց, որ Փաշինյանի հետ որպես վարչապետի թեկնածու հանդիպման ժամանակ այս հարցով ներկա վարչապետի ելակետը գոհացուցիչ է եղել:

Ռուստամյանի խոսքով` հայտարարությունը, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, չպետք է դիտվի որպես նոր հայտարարություն, որը մինչև հիմա չի եղել: «Պարզապես շեշտադրումը դրվել է այնտեղ, որ Ղարաբաղի մասնակցությունը կապահովի բանակցությունների լիարժեքությունը»,- եզրափակեց ՀՅԴ-ականը:

Vesti.am