Foto

Հուսով եմ՝ խաղողը կմթերվի խելամիտ գներով. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր խաղողագործների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ կկարողանան այնպես անել, որ խաղողը մթերվի խելամիտ գներով:

«Երեկ մթերման սեզոնից առաջ ավանդական քննարկում է եղել բոլոր խաղող մթերողների հետ: Հանդիպմանը հույս ենք հայտնել, որ խաղողը կմթերվի խելամիտ գնով, կմթերվի խելամիտ քանակով, իսկ վճարումներն ակնկալում ենք, որ ժամանակին կլինեն՝ ամենաուշը դեկտեմբերի վերջին»,-ասաց գյուղնախարարը՝ հավելելով, որ հանդիպումներ կլինեն կոնյակ արտադրող գործարաններից մի քանիսի հետ, քննարկումներ կծավալվեն նաև կառավարությունում:

Նախարարը մանրամասնեց, որ երեկ ներկայացվել է կառավարության քայլերի մասին, մասնավորապես, խոսել են օրենսդրական փոփոխությունների մասին, որով տեղական արտադրողի և ներկրողի միջև սկսվում են հավասար պայմաններ:

«Մինչև այս տարվա հունիս ամիսը, որքան էլ դա պարադոքսալ թվա՝ կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրելը ծանուցման ենթակա գործունեություն էր: Օրինակ՝ մարդիկ պետք է 15 մլն վճարեին և ասեին, որ մենք զբաղվելու ենք կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրելով, իսկ կոնյակ բերելն արդեն ծանուցման ենթակա չէր, այսինքն՝ բերողն ու արտադրողը անհավասար պայմանների մեջ էին: Նախ՝ խաղողի կոնյակի մինիմալ գինն ենք ֆիքսել, որովհետև եթե վաճառվում է կոնյակ 1000 դրամով, ինձնից ձեզ խորհուրդ՝ մի՛ խմեք այդ կոնյակը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկվել են նաև այլ հարցեր:

Vesti.am