Foto

Մարտի 1-ի գործով կան նոր փաստաթղթեր. ՀՔԾ պետ

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որ եթե Մարտի 1-ի գործով նախաքննության գաղտնիքը հանվի, հանրությունն ամբողջական տեղեկատվություն կստանա, ասաց.

«Նման ընթացակարգ գոյություն չունի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը ամբողջ ծավալով բացահայտվի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի: Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- նշեց Սասուն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, ապա Խաչատրյանն ասաց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ-ը հարմար է գտել գաղտնազերծել: Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է»:

Վերջինս նաև նշեց, որ սահմանադրական կարգի տապալման և 10 զոհերի գործերը միացվել են, բացի դա Մարտի 1-ի գործով կան նոր փաստաթղթեր.

«Սահմանադրական կարգի տապալման ու 10 զոհերի գործերը միացվել են, վարույթը մեկն է: Ես չեմ լսել Քոչարյանի ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ, թե նրան որտեղից նման տեղեկություն: Ամեն ինչ արվում է, արվելու է, լիահույս եմ, որ գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է: Նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ կարող հրապարակայնացնել»: