Փաստ է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա անընդունելի է մեր կառավարության համար: Այդ մասին Կառավարության օգոստոսի 23-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այն պատճառով, որ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների ազդեցությունն իրենց վրա չեն զգում Հայաստանի հանրապետության քաղաքացիները:
Նա ընդգծեց, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար:
«Պետք է հաստատենք այնպիսի շահագործման կանոններ, որ հանրությունը իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունն օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը և հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում գործադիրն ընդունեց Հանքարդյունավերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը:
Vesti.am









