Foto

Գյուղտնտեսությունների ապահովագրությունն իրատեսական է դառնում. նախարար

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն Tert.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելուն: Նա ասել է, որ այդ ծրագիրն ընթացքի մեջ է, և այս պահին Հի գերմանացիների՝ KFW բանկի հետ նախարարության աշխատակիցներն աշխատում են այդ ուղղությամբ:

«Մարտ ամսից Հայաստանում կմեկնարկի պիլոտային ծրագիրը, դա բյուջեի մեջ արդեն ներառված է: Երեք պիլոտային մարզեր կլինեն՝ Շիրակ, Արմավիր և Արարատ: Շիրակում կապահովագրվի կարտոֆիլը և հացահատիկը, իսկ Արմավիրում ու Արարատում՝ պտուղ և խաղողը: Այս մշակաբույսերն են ապահովագրվելու, և ռիսկերն են կարկտահարությունն ու ցրտահարությունը: Իսկ հակակարկտային միջոցառումների մասով հիմա արդեն Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է իրականացնում. մատչելի պայմաններով, սուբսիդավորմամբ կարկտապաշտպան ցանցեր է տրամադրում: Սուբսիդավորում ենք վարկերը, որոնք հատուկ ուղղված են կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերելու ուղղությամբ՝ 7 տարին 2 տոկոսով: Այսինքն՝ 10 տոկոսի չափ սուբսիդավորում է, և գյուղացու վրա վերջնական պրոդուկտը նստում է 2 տոկոս: Ինչպես նաև ԱԻՆ-ը ձեռք է բերել հակակարկտային համազարկային համակարգեր, որոնց արդյունավետությունն անհամեմատ ավելի մեծ է, քան այն կայանները, որոնք այսօր գործում են: Արմավիրում այդ ամբողջ մի քանի հարյուր հեկտարից չէր վնասվել ընդամենը այն 5 հեկտարը, որը կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված էր»,- հստակեցրել է նա: