Foto

Հարստացի՛ր և հարստացրո՛ւ. վարչապետը ներդրումների կոչ է անում

Օգոստոսի 10-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Տավուշի մարզում է: Վերջինս այցելեց մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացավ գործարանների աշխատանքին, զրուցեց քաղաքացիների, համայնքապետերի հետ՝ պատկերացում կազմելով, թե ինչ հիմնական խնդիրներ կան այս մարզում:

Փաշինյանը բազմիցս նշել է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են և պետք է գան Հայաստան` ներդրումներ անելու:

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Vesti.am»-ի թղթակիցը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի հայ գործարարներն արձագանքել են իր՝ հայրենիքում ներդրումներ կատարելու մասին կոչին:

Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ժամանակ, ինչպես նաև առօրյա ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին հորդորում է գալ և Հայաստանում ներդրումներ կատարել: Բացի դա, վերջերս Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում նախաձեռնել էր բիզնես-ֆորում, որի նպատակն էր սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելուն ուղղված ջանքերի ակտիվացումը:

«Արձագանքներ, իհարկե, կան: Ես անընդհատ հանդիպում են գործարար տարբեր շրջանակների հետ և իմ այդ հանդիպումների հորդորները և պայմանները հետևյալն են. մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ներդրման օրինականություն, երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր ներդրող ազատ կլինի կոռուպցիոն պարտավորություններից և մեր խնդիրն է այնպես անել, որ այդ ներդրումներն ունենան հաջողություն: Խոսքը ոչ միայն նոր ներդրումների մասին է: Օրինակ, Տավուշի մարզում առնվազն երեք այդպիսի հոյակապ օրինակ ունենք: Ուզում եմ շեշտել «Տավուշ տեքստիլ»-ը, որն օրինակելի ընկերություն է, 500 աշխատատեղ է ստեղծել, «Ապագա տուր ընկերությունը» և Ենոքավանում գործող «Լաստիվեր» հյուրանոցային համալիրը, որը միանշանակ փոխելու է Ենոքավանի և հարակից բնակավայրերի կյանքը, «Իջևանի գինու և կոնյակի գործարանը», որը շատ լուրջ հաջողությունների է հասել և լուրջ հեռանկարներ ունի:

Երբ խոսում ենք նոր ներդրողների մասին, չպետք է մոռանանք նաև արդեն իսկ ներդրում կատարած մարդկանց: Մենք այդ մարդկանց ասում ենք, որ ունենք հետևյալ խնդիրը՝ պետք է գործեք օրինական դաշտում, երաշխավորում ենք, որ որևէ ապօրինի միջամտություն չի լինի ձեր գործունեությանը, բացի դա այդ ընկերություններն ունեն սոցիալական պատասխանատվություն այն համայնքերի նկատմամբ, որտեղ գործում են: Եվ մենք բոլորին ասում ենք՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և առաջարկում ենք, որ պետության հետ նրանց հարաբերությունները լինեն հետևյալ կարգախոսի շրջանակներում՝ հարստացի՛ր և հարստացրո՛ւ:

Այսպիսով՝ ակնկալում ենք, որ պետությունը պայմաններ ստեղծի, որ քաղաքացիները հարստանան և դրա արդյունքում հարստանա պետական բյուջեն: Այս տրամաբանությունը լայն արձագանք է գտնում մարդկանց շրջանում: Մենք ուզում ենք, որ տեղի ունենա հետևյալ փոփոխությունը, որ ոչ թե հաջողության օրինակը շարժի կողքինների նախանձը, այլ հակառակը՝ ոգևորի նրանց», - մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս ընդգծում է, որ Տավուշում ստեղծված գործարանները տարբեր պատմություն ունեն. մեկը մեծ ներդրումների արդյունքում է ստեղծվել, մյուսները՝ զրոյից:

Վարչապետը նշում է, որ Հարկային օրենսգրքի հետ կապված ևս կառավարությունը մշտական երկխոսություն է ծավալելու բիզնեսի հետ՝ իրական պրոբլեմները դուրս բերելու և բարեփոխումներ իրականացնելու համար:

Vesti.am