Foto

Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց և խաղի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը։ Խաղից հետո նա կիսվել է իր տպավորություններով:

Նորամուտի գոլի և ընտանիքի աջակցության մասին

«Շատ էի ցանկանում գոլ խփել, և դա ինձ հաջողվեց։ Հասկանալի է, երբ ասում եմ՝ ինձ համար ամենակարևոր գոլը հաջորդն է, միշտ չէ, որ դա կստացվի։ Գոլս նվիրեցի կնոջս։ Խաղին ներկա էին նաև հայրս ու տատիկս՝ մի քանի ընկերներիս հետ. գոլից հետո արված ժեստը հենց նրանց էր ուղղված»,- նշել է հարձակվողը։

Խաղի ընթացքի և թիմային աշխատանքի մասին

Անդրադառնալով հանդիպման լարվածությանն ու պաշտպանների կատարած աշխատանքին՝ Ղարիբյանը հավելել է.

«1-0-ն բարդ հաշիվ է, քանի որ ամեն պահի կարող ես գոլ բաց թողնել։ Սակայն, երբ խաղի վերջնամասում առավելությունը երկու գնդակի է հասնում, դա որոշ չափով հեշտացնում է գործը։ Մրցակիցն իսկապես շատ վտանգավոր խաղացողներ ունի երկրորդ հարկում, բայց բրավո մեր պաշտպաններին և ամբողջ թիմին՝ լավ խաղի ու հաղթանակի համար»։

Հատկանշական է, որ այս դիպուկ հարվածի շնորհիվ Արթուր Ղարիբյանն Ազգերի լիգայում դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հյուրընկալելով Չեռնոգորիայի ընտրանուն։

Armsport