Foto

Տեխնիկան ու շինանյութը «լքում են» «Ամուլսարի» տարածքը

42 օր շարունակ ջերմուկցիները համառորեն փակ են պահում «Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհները՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը թույլ չտալով շինարարական գործունեություն ծավալել: Մեր ունեցած տեղեկություններով՝ կապալառու ընկերությունները տևական ժամանակ անգործության մատնվելուց հետո իրենց տեխնիկան հեռացնում են հանքավայրի տարածքից:

Ջերմուկ քաղաքի բնակիչ Վազգեն Գալստյանը Vesti.am-ի հետ զրույցում հաստատեց, որ, այո, տեխնիկան մանր-մանր «լքում է» «Ամուլսարի» տարածքը:

«Ոչ միայն տեխնիկան են հեռացնում, այլ նաև շինանյութերը, ընդհուպ՝ բիոզուգարանները: Հեռացող վարորդները մեզ «դուխ» են տալիս, ասում են՝ հալալ է ձեզ, ձեր կողքին ենք»,- ասաց Վազգենը:

Նա վստահեցրեց նաև, որ ճանապարհը շարունակելու են փակ պահել այնքան ժամանակ, քանի դեռ հարցը վերջնական լուծում չի ստացել:

Հայտնենք նաև, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ օրերս Կառավարությանն առընթեր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են «Ամուլսարի» շահագործման հարցը:

«Այո, օգոստոսի 1-ին Ընդերքի տեսչական մարմնում ձևավորված աշխատանքային խումբն անդրանիկ նիստն էր հրավիրել, ինչը, սակայն,  ճանաչողական հանդիպում էր, և քննարկվել է աշխատանքային խմբի աշխատակարգը: Հանքավայրի աշխատանքների մասով մանրամասն հարցերը նախատեսվում է քննարկել խմբի հաջորդ նիստերի ժամանակ: Ի դեպ, ըստ երևույթին՝ աշխատանքային խմբի հետագա նիստերն առցանց կհեռարձակվեն, այժմ այդ հարցը քննարկման փուլում է»,- Vesti.am-ին ասաց Բնապահպանության և ընդրեքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Վրույր Սևակ

Vesti.am