Foto

ՊԵԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից առաջին կիսամյակում հավաքագրել է 17.7 տոկոսով ավելի հարկ

Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշել է նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը:

«Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Սա նշանակում է, որ խոշոր հարկատուներն ավելի շատ են հարկ վճարել, քան փոքրերը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը որպես թիրախ շարունակաբար ընտրում է խոշոր հարկ վճարողներին, ոչ թե փոքրերին: Այսինքն՝ մեր վարչարարությունն ավելի հասցեական է, մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնելիս նկատվող խնդիրների մասին իրազեկում ենք հարկատուներին, առաջարկում ենք ուղղումներ ու շտկումներ իրականացնել իրենց հաշվարկներում: Դա հատկապես անում ենք խոշորների մոտ, քանի որ այնտեղ ֆիսկալ էֆեկտը շատ է»,-ասաց Ռաֆիկ Մաշադյանը:

Ընդհանուր հարկային եկամուտների աճն էլ ՊԵԿ փոխնախագահը պայմանավորում է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ վարչարարությամբ ու հարկ վճարողների վարքագծի փոփոխությամբ:

Անդրադառնալով առաջիկա ամիսների հարկային մուտքերի կանխատեսմանը՝ պաշտոնյան նկատեց, որ իրենց նվազագույն նշաձողը 2018-ի բյուջեի կատարումն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ փորձելու են բյուջեն կատարել ու ասել, որ լավ են աշխատել: «Ես դժվարանում եմ թիվ ֆիքսել, թե որքան կլինեն մեր հարկային եկամուտները տարվա վերջին, բայց այն, որ դա կգերազանցի «Բյուջեի մասին» օրենքով սահմանված թիվը, վստահեցնում եմ»,-ավելացրեց Ռաֆիկ Մաշադյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: