«Ժողովուրդ» թերթն օրեր առաջ հայտնել էր, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այդ ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը:
Vesti.am-ը Կառավարությանը հարցում էր ուղարկել՝ հասկանալու՝ արդյո՞ք այդ ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրվել են: Մեր հարցմանը պատասխանել է ՊԵԿ իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնից Մարինե Ասատրյանը:
Մեզ հայտնեցին, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի և օրենսդրության շրջանակներում «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) հարկային արտոնություններ չեն տրամադրվել:
Մեր հարցին՝ սնանակացումից հետո, կամ դրանից առաջ այդ պարտավորությունները կատարվե՞լ են, թե՞ ոչ, հայտնեցին, որ 23.05.2016 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0026/04/16): Ընկերության հարկային պարտավորությունները 02.05.2016 թվականի դրությամբ կազմել են 8.153.435 ՀՀ դրամ: 26.05.2016 թվականին Դատարանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիմումը վարույթ է ընդունել: Դատարանի 03.05.2017 թվականի վճռով Ընկերության սնանկ ճանաչելու պահանջը մերժվել է՝ հարկային պարտավորությունները կատարելու և դատական ծախսի գումարը վերականգնելու հիմքով:
Դատարանը 12.09.2017թ.-ին վարույթ է ընդունել Ընկերությունը սնանկ ճանաչելու մասին քաղաքացի Գեղամ Գինոսյանի դիմումը և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Խաչիկ Նազարյանին (սնանկության գործ թիվ ԱՎԴ/0057/04/17): Դատարանի 13.10.2017թ.-ի վճռով սնանկության գործի վարույթը կարճվել է՝ սնանկության դիմումը հետ վերցնելու հիմքով:
Դատարանը 20.03.2018 թվականին վարույթ է ընդունել սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի դիմումը՝ Ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջի մասին (սնանկության գործ թիվ ԱՎԴ/0031/04/18): Դատարանի 05.06.2018 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: 21.06.2018 թվականին սնանկության գործերով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը: Վերջինս ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական կայքում 02.07.2018 թվականին հայտարարություն է հրապարակել Ընկերությանը սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին, համաձայն որի՝ պարտատերերի առաջին ժողով է նշանակվել 30.08.2018 թվականին, ժամը 11:30-ին՝ Դատարանի շենքում (ք. Արտաշատ, Շահումյան 19): Վերոգրյալից հետևում է, որ պարտատերերի ամբողջական ցանկը և Ընկերության նկատմամբ պահանջի չափը հստակ համարվել չի կարող:
16.07.2018 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմում է ներկայացրել Դատարան որպես պահանջատեր գրանցելու՝ 284.329.119 ՀՀ դրամ գումարի չափով: Կցվում է Ընկերությունը սնանկ ճանաչելու օրվա (05.06.2018 թվականի) դրությամբ պարտավորությունների մասին տեղեկանքը:
«Միաժամանակ, անդրադառնալով հարցադրմանը՝ սնանկացումից հետո, կամ դրանից առաջ այդ պարտավորությունները կատարվել են, թե՝ ոչ, հարկ է նշել, որ «այդ պարտավորություններ» արտահայտությունն անորոշ է և չի կարող հստակ պատասխան տրվել ոչ կոնկրետացված պարտավորության կատարման վերաբերյալ, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ Ընկերության ունեցած պարտավորությունների շրջանակն ամբողջությամբ պարզված չէ»,-նշվում է պատասխանում:
Մեր մյուս հարցին՝ Եթե գործարանը դեռևս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է, այդ ընկերությունը շարունակո՞ւմ է մնալ այդ պարտավորությունների տակ, թե՞ նոր սեփականատերն է ընկնում այդ պարտավորությունների տակ, հայտնեցին.
«Սպառիչ պատասխան կարող է տրվել միայն «այդ պարտավորություններ»-ի հստակեցման դեպքում: ՀՀ արդարադատության նախարարության կողմից (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության) Ընկերության գույքի վաճառքի մասին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ թիվ 03021337 կատարողական վարույթի շրջանակներում իրացվել են Ընկերությանը պատկանող ք. Արտաշատ, Շահումյան 3 հասցեում գտնվող շենք-շինությունները, նշված հասցեում գտնվող սարքավորումները, կոնյակի սպիրտը, «Ереванский традиционный» ապրանքային նշանի նկատմամբ սեփականության իրավունքը:
Ընկերության նկատմամբ առկա են եղել այլ կատարողական վարույթներ ևս (թիվ 01864442, 02655687, 03812411, 03922773), որոնք կարճվել են 14.06.2018թ.-ին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով, այն է՝ պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ:
Այնուամենայնիվ, հարցին ընդհանրական մոտենալու պարագայում հարկ է նշել, որ Ընկերության գույքի («գործարան» բառի ենթադրյալ իմաստը այդ կերպ գնահատելու պարագայում) վաճառքը հիմք չէ արդեն իսկ ունեցած պարտավորությունները դադարելու կամ այլ անձի փոխանցելու համար, իսկ եթե հարցադրմամբ ենթադրվում է հարկային պարտավորությունների ծագում, ապա հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուների կոմիտեն Ընկերության գույքի վաճառքի վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տեղեկատվություն չի ստացել»:
Հեղինակ՝ Մերի Բալասանյան
Vesti.am









