Հուլիսի 8-ին, Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ անցկացվել էր բիզնես-համաժողով, որի նպատակն է ներգրավել առաջատար ռուսաստանցի գործարարների՝ սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով ևս մասնակցել էր համաժողովին Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ գործարարների կողմից մեծ արձագանքներ են եղել:
«Նրանց համար արդեն պարզորոշ է, որ Հայաստանում փոփոխությունները հստակ են, որովհետև համաժողովի ընթացքում եղան մարդիկ, ովքեր ինձ համար անսպասելի ելույթներ ունեցան ու հանդես եկան լավատեսական տրամադրություններով: Նրանք նախկինում Հայաստանում բիզնեսի իրականացման ճանապարհին խնդիրներ էին ունեցել և առիթ էին ունեցել համոզվելու, որ մեր երկրում փոփոխություններն արդեն իրականություն են: Գործարար կար, որ Հայաստանում 17 տարի բիզնեսի հետ կապված խնդիրներ էր ունեցել և մայիս ամսին գալով Հայաստան՝ մեկ ամսվա ընթացքում դատարանի կողմից իր հայտը բավարարվել էր, ինքը վերադարձրել էր իր բիզնեսը»,-նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ գործարարները մեծ ցանկություն ունեն՝ գալ Հայաստան և սահմանամերձ համայքներին օգնություն ցույց տալ:
Նախարարն ընդգծեց՝ գործարարներին հորդորել է, որպեսզի օգնություն ցույց տալուց անցում կատարեն Հայաստանում ներդրում կատարելուն:
«Սա մի յուրօրինակ հնարավորություն է Ռուսաստանում բնակվող հայ գործարարներին կապել հայրենիքի հետ, և եթե հնարավոր լինի դա անել սահմանամերձ բնակավայրերում, դա նաև խթան կդառնա նոր կոմունիկացիոն ուղիների փնտրման և տվյալ մարդկանց Հայաստանի հետ ավելի սերտորեն կապելու համար: Դա նրանց կողմից կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ պարտք, այլև՝ բիզնես հետաքրքրություն: Սա շատ էական ու կարևոր եմ համարում: Կարծես թե, մեր զրույցը, քննարկումը հաջողվեց, որովհետև արդյունքում եղան անձիք, որոնք պատրաստակամություն հայտնեցին շուրջ երեք համայնքում փոփոխություններ կատարել: Խոսքը Տավուշի մարզի մասին է, իսկ թե որ համայնքներում, դրա մասին կխոսենք այս ամսվա վերջում, երբ նրանք գան Հայաստան»,-նկատեց նա:
Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ իտալական կոշիկ արտադրող մի ընկերության հետ քննարկվել է հնարավոր համագործակցությունը, որի բաժնետերերի մեջ կային նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ:
«Նրանք ցանկություն ունեին գալ և Տավուշի մարզի սահմանապահ համայնքներում 20-25 աշխատատեղ ապահովող փոքր ձեռնարկություններ հիմնել: Սակայն ուզում էին ներգրավվել նաև Պաշտպանության նախարարության կոշիկի գնումների մրցույթին: Բայց երաշխիք ստանալ, որ իրենք կհաղթեն, իհարկե, կառավարությունը չի կարող տալ, հաշվի առնելով, որ դա մրցակցային է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հնարավոր է դա ապահովել զուտ այն դեպքում, երբ կառավարությունը փոփոխություն կատարի նաև գնումների մասին օրենքում: Այսինքն մեկ ընկրություն չլինի, այլ՝ հնարավորություն ընձեռի մի քանի ընկերությունների՝ որակի համար մրցակցել միմյանց հետ և ներգրավել հայաստանյան բիզնես նախագծերում: Բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեկ ջրամբարի նախագիծ մշակելու շուրջ: Իրենք կփորձեն հնարավորության դեպքում ֆինանսավորել դրա կյանքի կոչումը: Հստակ չի թե որտեղ դա կիրականացվի, սակայն չեմ բացառում, որ կլինի Վայոց Ձորի Խաչիկ համայնքում»,-հավելեց կառավարության ներկայացուցիչը:
Այն դիտարկմանը, թե գործարարները մտավախություններ չունեին ռիսկայնության առումով, Պապիկյանը նշեց. «Նրանք նախկինում բախվել էին մի շարք խնդիրների, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Պարզապես ես հայտնել եմ մեր կառավարության անունից, որ Հայաստանում այլևս ցանկացած ներդրող ապահովված է օրենքով, նրա բիզնեսը պաշտպանված է և այլ երաշխիքների կարիք, կարծում եմ՝ չկա:
Հարցին, թե կառավարությունն ինչով է պատրաստ աջակցելու ներդրողներին, Պապիկյանը նշեց, որ սահմանամերձ համայնքներում նրանք ազատված են հարկերից և դա քիչ բան չէ:
«Նախորդ կառավարության օրոք էլ դեռ այդ հնարավորությունը կար: Հիմա, կախված բիզնես նախագծից, կարելի է քննարկել նաև այդ մարդկանց համար ավելի լայն հնարավորություններով խնդիրը»:
Դուսյա Ղազարյան
Vesti.am