Foto

Մեր տնտեսական հենասյուններն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ կառավարության գործունեությանը: Նախքան հարցուպատասխանին անցնելը վարչապետը  դիտարկում արեց:

Նրա խոսքով՝ շատ է քննարկվում, որ պարզ չէ թե կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է վարում:

«Կարծում եմ՝ դա ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է: Մենք մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ուզում եմ արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է:

Ինչ է դա նշանակում: Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ ոլորտները տնտեսական գործունեության առանձին ձևերի հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել և սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես  ասած, համախառն ներքին արդյունքի հիմնական բաժինն ստեղծել: Այս համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափկումները պետք է գոյություն չունենան և տնտեսական ոլորտներն ու տնտեսական գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի: Սա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ ոլորտում որևէ գործունեություն են ծավալել, պիտի չկարողանան գործունեություն ծավալել այլ ոլորտներում:  Քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու օրվանից և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան: Կառավարությունն իր գործն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ անել և տեսնել ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և եթե փոփոխություն չի եղել, պետք է այդ ուղղությամբ աշխատել: Դա պետք է  դանդաղ անել, որպեսզի տնտեսական  ցնցումներ չառաջանան: Մեր տնտեսական հենասյուններն են կոռոիպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական  համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը»,-նկատեց նա:

Vesti.am