Պետական եկամուտների կոմիտեն 8 գազալցակայաններում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել է 946 մլն դրամի խախտում: Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա ներկայացրեց, թե ում գազալցակայաններում են ստուգումներն իրականացվել:
«Կարող եմ անուններ հրապարակել, թեև համապատասխան փաստաթղթերն ինձ հետ չեմ բերել: Օրինակ՝ գազալցակայաններից մեկը պատկանում է Մհեր Սեդրակյանին, կա ընկերություն, որ պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում հայտնաբերվել է 15 մլն դրամի խախտում, որն ամենաքիչ խախտումներից է: Ցանկում կա նաև Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ Հովիկ Աբրահամյանի անունը չկա»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանը նշեց, որ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ու եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվի, ապա տնտեսվարողի նկատմամբ քրգործը կարճվում է։
«Այսօր տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հասարակության մոտ: Պետք չէ տնտեսվարողին տանել նստացնել, դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողի: Պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել»,- ասաց ՊԵԿ նախագահը:









