Հուլիսի 11-ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Vesti.am-ը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցեց հանդիպման օրակարգի, սպասելիքների մասին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ օրակարգ կարող է լինել, հարցերի ի՞նչ շրջանակ կարող է քննարկվել:
Չգիտեմ: Բնականաբար՝ Արցախի հարցը: Կարծում եմ՝ հայկական կողմը հայտարարելու է այն ինչ արդեն բազմիցս ասել է՝ Արցախի փոխարեն չի կարող վերջնական որոշում կայացնել: Ադրբեջանցիներն էլ, թերևս, բարեբախտաբար ֆիքսվելու են այդ կետի վրա և գործընթացը փակուղի կմտնի: Եթե այդպես լինի, ապա դա ձեռնտու տարբերակ է հայկական կողմի համար: Մադրիդյան փաթեթով ոչ մի ելք չի կարող Հայաստանին ձեռնտու լինել: Ու եթե կտրուկ շարժումներ նոր կառավարությունը չի անելու, իսկ դա այս փուլում խելամիտ վարքագիծ է, ապա ընտրված ուղին՝ Արցախի մասնակցությամբ բանակցային գործընթացի էությունը փակուղի մտցնելը ճիշտ մարտավարություն է:
-Օրերս ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովը մեկնաբանություն է արել Նախիջևանի սահմանի մասով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ քննարկման հիմնական առանցքում այս թեման կլինի:
Դարձյալ չգիտեմ: Դժվար թե Խաչատուրովը շահագրգռված լինի Հայաստանի որևէ շահով: Այդ մարդը բազմիցս ապացուցել է, որ իր համար Հայաստանն անարժեք է: Խոսել է Նախիջևանի մասին, որովհետև այդտեղ լարում կա և որովհետև Նախիջևանի կողմից հարձակման պարագայում՝ Երևանն անմիջապես հարց է բարձրացնելու, որպեսզի ՀԱՊԿ-ը ռազմական միջամտություն կատարի: Իսկ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական առաջիկա հնարավոր բախման ժամանակ ընդհանրապես չի ուզում որևէ մասնակցություն ունենալ: Արցախը ավանդաբար Երևանն ու Մոսկվան պաշտոնապես Հայաստանի մաս չեն համարել և հիմա ՀԱՊԿ-ը դրան է հղում անելու: Հետևաբար, ՀԱՊԿ-ին ձեռնտու է ամեն կերպ նախօրորք կանխել ադրբեջանական հնարավոր հարվածը Նախիջևանից: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ Ադրբեջանին հաղթական հնարավոր շանսեր կարող է տալ հենց այդ ուղղությունը՝ նախ պարզ ականանետմամբ անգամ կտրելով Երասխի ռազմավարական ճանապարհը, իսկ ապա և հիմնական ծանրաբեռնվածությունը դնելով փաստացիորեն երևանյան ճակատի վրա՝ Արցախի հատվածում տեսականորեն հաջողություններ գրանցել: Հուսանք, որ սրանք զուտ սցենարներ կմնան, իսկ Ադրբեջանը մինչ այդ ինքնին կքայքայվի:
-Ի՞նչ կարող ենք ակնկալել այս հանդիպումից՝ հաշվի առնելով փաստը, որ սա Զոհրաբ Մնացականյանի առաջին պաշտոնական հանդիպումն է՝ արտգործնախարարի պաշտոնում:
Ոչինչ: ԱԳ նախարարներն արցախյան խնդրում ոչինչ երբեք չեն որոշել: Հատկապես հիմա, երբ փակուղին ձեռնտու է երկու կողմերին էլ և երկու կողմերն էլ ավելի են կոշտացրել իրենց դիրքորոշումները, լուրջ առաջընթաց չի կարելի ակնկալել:
-Վերջին շրջանում խոսվում է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցով հատուկ բանագնաց լինելու տարբերակի մասին: Ինչքանո՞վ է իրատեսական այդ տարբերակը:
Նման բան չկա: Չի խոսվում: Վարչապետի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն է իր հեռուստահարցազրույցում նման հանդուրժողական միտք արտահայտել: Բայց այդ մտքին պետք է հենց այդպես մոտենալ՝ որպես գերհանդուրժողական տեսական գաղափարի, որ երբեք չի կարող իրականություն դառնալ: Մանավանդ, որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե երկրի ղեկավարը չի կիսում այդ տեսակետը: Քանի որ այս հեղափոխությունը հռչակվել է «սիրո և հանդուրժողականության թավշյա հեղափոխություն»՝ ապա դա էլ, կրկնեմ, պետք է դիտարկել որպես այդ սիրո և հանդուրժողականության կոնտեքստում արտահայտված գերհանդուրժողական մի միտք, որն իրականում որևէ կիրառում չի կարող ունենալ:
Վրույր Սևակ
Vesti.am