Foto

Նախորդ Կառավարությանն էլ ենք անվճար համակարգիչներ տրամադրել, ուղղակի դա ընդունվել է այնպես, որ այդպես էլ պետք է լիներ. Շաքարյան

Կառավարության հունիսի 4-ի նիստին գործադիրը նախապատվություն էր տվել հայկական արտադրանքի «Արմթաբ» համակարգիչներին։

«Դուք երևի նկատեցիք, որ Կառավարության նիստի համակարգչային ապահովումը փոխվել է, ու սա կապված չէ դահլիճի փոփոխության հետ, այլ՝ մոտեցման փոփոխության։ Ինչպես տեսնում եք, հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված այս դահլիճում, փոփոխություն տեղի է ունենալու նաև վերևի դահլիճում։ Սա մեր քաղաքական մոտեցումն է»,- այս մասին նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին նախապատվությունը տալ հայկական արտադրությանը։ Բացի այդ, նշեց, որ նման փոփոխություն առաջարկում է կատարել նաև ԱԺ դահլիճում։

Որոշները դա շռայլություն և հավելյալ ծախս համարեցին: Սակայն Կառավարության լրատվականից պատասխանեցին, որ «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ»  ընկերությունը  համակարգիչներն անվճար է տրամադրել:

Ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը Vesti.am-ի հետ զրույցում հաստատեց, որ համակարգիչներն անվճար են տրամադրել:

«Մենք մեծ հույսեր ենք կապում մեր Կառավարության հետ: Վարչապետը հայտարարեց, որ պետք է աջակցեն, օգնեն տեղական արտադրողին: Կարծում եմ՝ տեղական արտադրողներն էլ պետք է ամեն ինչով աջակցեն մեր Կառավարությանը»:

Հարցին, թե կարելի է սա դիտարկել  որպես  գովազդային նախաձեռնություն, Շաքարյանը պատասխանեց. «Մենք գովազդ անելու նպատակ չենք ունեցել»:

Այն դիտարկմանը, թե հնարավոր է նախարարություններին ևս համակարգիչներ տրամադրվեն, «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» ընկերության տնօրենը չբացառեց, որ նախարարություններին ևս համակարգիչներ կտրամադրվեն:

«Սա առաջին անգամը չէ: Մենք նակխինում էլ ենք տրամադրել և՛ նախարարություններին, և՛ կառավարությանը, ուղղակի դա ընդունվել է այնպես, որ էդպես էլ պետք է լիներ: Հիմա ժամանակները փոխվել են և ժամանակն է, որպեսզի աջակցեն տեղական արտադրողին»,-նշեց նա:

Ճշտող հարցին, թե նախկինում էլ միշտ անվճար է տրամադրվել, Շաքարյանը նկատեց. «Ոչ միշտ, բայց որոշակի քանակություն՝ այո: Երբ ասում ենք, որ տրամադրել ենք, դա պետք է ճիշտ հասկանաք»:

Շաքարյանը հրաժարվեց նշել, թե որքան է  կազմել Կառավարությանն անվճար տրամադրված համակարգիչների ընհանուր  արժեքը:

Դուսյա Ղազարյան

Vesti.am