Foto

Ովքե՞ր են սպառնում պատգամավոր Սամվել Ֆարմանյանին

Երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնի օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլած բուքմեյքերական գրասենյակներին, այլև դրանց ինտերնետ տարբերակներին՝ տեղական և միջազգային: Նույն նախաձեռնությամբ ՀՀ-ի տարածքում կարգելափակվի նաև օնլայն խաղատների գործունեությունը, կրկին՝ տեղական և միջազգային: 

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:

 -Պարո՛ն Ֆարմանյան, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին Ձեր նախաձեռնությունը հակասական կարծիքներ է առաջացրել: Այսօր Դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ այդ նախաձեռնությունը փորձում են Ձեր դեմ օգտագործել և որոշակի սպասռնալիքներ են հնչեցնում: Դրանք մասնավո՞ր անձանք սպառնալքներ են, թե՞ կազմակերպությունների:

Ես չեմ ցանկանում շտապ հետևություններ անել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունը, որի մասին ես խոսում եմ արդեն երեք տարուց ավելի և այդ ճանապարհին շատ զարգացումներ են եղել, մասնավորապես կարողացանք  կառավարության հետ գալ որոշակի համաձայնության և բուքմեյքերական գրասենյակնորում խաղադրությքներ կատարելու տարիքային սահմանված շեմը 18-ից դրաձնել 21, մինչև 21 տարեկան  անձանցից խաղադրույքներ  ընդունելու  համար սահմանված տուգանքները նախկին չնչին  տուգանքներից  հասցրեցինք շատ էական գումարների՝ 1-2 մլն դրամ, ընդհուպ 3-րդ անգամ կրկնվելու դեպքում մինչև լիցենզիայից զրկել: Այս առումով մենք ահագին աշխատանք կատարել ենք: Հիմա կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է արգելելու այդ գրասենյակների գործունեությունը (տեղական և միջազգային): Կարող եմ ենթադրություններ կատարել, թե հնչող սպառնալիքները կամ անձնական հարձակումներն ում կողմից, ում հրահանգով են կատարված: Բայց ես գրառմանս մեջ նշել եմ, որ կոչ եմ անում բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերին, ղեկավարներին դադարեցնել նման կազմակերպված գործունեությունը, քանի որ դրանք ինձ չեն շեղելու և հասնելու եմ այդ ընկերությունների գործունեության դադարեցմանը Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ խորհրդարանում ունեմ մի շարք գործընկերների համաձայնությունն ու աջակցությունն այդ հարցում և ենթադրում եմ, որ կունենամ  նաև Կառավարության աջակցությունը: Այդ մասին խորհրդարանում բազմաթիվ առիթներ կունենանք խոսելու, նախատեսում եմ մինչև օրինագծի քննարկումը  հանրային լսումներ կազմակերպել: Մի բան հստակ է. մի քանի ընտանիքի միլիոնատեր դառնալն անընդունելի է, որ տեղի ունենա մի ամբողջ ժողովրդի համազգային  «ղումարի» մեջ ներքաշելու, հազարավոր ընտանիքների խեղված ճակատագրերի և կործանման հաշվին:

-Այդ Ձեր ասած համազգային «ղումարը» տարիներ շարունակ ներկայացվում էր որպես զբոսաշրջության զարգացում, բյուջե լցնելու լավ միջոց և այլն:

Բերվող հակափաստարկները տարատեսակ են և դրանք  մշտապես բերվել են նախկին Կառավարությունների կողմից: Դրանք վերաբերում էին և՛ պետբյուջեի հարկային մուտքերին, և՛ աշխատատեղերին, և՛ սոցիալական արդարության խնդրին և այլ հարցերի: Բայց խոսքը խաղատների մասին չէ, դրանք քիչ թե շատ կարգավորված են, այլ վերաբերում է բուքմեյքերական ընկերություններին, որը որևէ առնչություն չունի տուրիզմի հետ:  Պետք է նշեմ, որ բերվող փաստարկների և հակափաստարկների կշիռն անհամեմատելի է:

-Իսկ Դուք տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների հետ  խորհրդակցել ե՞ք:

Վստահեցնում եմ, որ այս երեք տարիների ընթացքում այս թեմայի շուրջ մասնագիտական շատ խոր քննարկումներ ենք ունեցել  տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտում գործող ոլորտի առաջատար մասնագետների, հարկային, սոցիալական  ոլորտի մասնագետների հետ: Եվ դրանց արդյունքում է, որ ինձ աջակցող խորհրդարանական գործընկերներով հանգել ենք այդ եզրակացությանը: Կարող եք վստահ լինել: Հնչող բոլոր հակափաստարկներն ունեն ճիշտ պատասխաններ ու լուծումներ և խորհրդարանական քննարկումների ժամանակ դրանք մասնագիտորեն կներկայացվեն:

-Դուք նշեցիք, որ նախաձեռնության վրա արդեն երեք տարի աշխատել եք և բարձրաձայնել: Հիմա, երբ դարձյալ դրա մասին խոսում եք և մտադիր եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, դա կապ ունի՞ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի  «գործ» հետ:

Ճիշտն ասած ուղիղ կապ չեմ տեսնում: Ստեղծված քաղաքական նոր իրավիճակում, երբ կուտակված շատ խնդիրներ կան քննարկելու և որոնց լուծումը թվում է հնարավոր, այդ համատեքստում եմ հանդես եկել նման նախաձեռնությամբ: Իմ պատկերացմամբ այս խնդիրը դրանցից մեկն է: Գուցե այդ լրատվական տոնը որոշ ազդեցություն ունեցել է, չեմ կարող բացառել, բայց գաղափարը վաղուց է եղել:

Vesti.am