«Փա՜-շի՜ն-յա՜ն» վանկարկումներով ու զուռնա-դհոլով են գնդեվազցիները դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Ջերմուկ է այցելել՝ ծանոթանալու «Ամուլսարի» հանքավայրի խնդրին:
Հանքի շահագործման դեմ պայքարողները, որ 10 օրից ավելի է, ինչ փակ են պահում հանքավայր տանող բոլոր ճանապարհները, վարչապետին առաջարկեցին բարձրանալ ավելի բարձր մի կետ որտեղից շատ ավելի լավ կերևա, թե հանքի թափոններն ինչ հսկայական տարածք կարող են զբաղեցնել:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, բողոքողներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ավելի վաղ չէին սկսում պայքարել Ամուլսարի շահագործման դեմ:
«Հսկայական շինարարություն է տեղի ունեցել, 6 տարուց ավելի է այս նախագիծը կա, աշխատում են, ինչո՞ւ եք հենց հիմա որոշել պայքարել»,- հարցրեց Փաշինյանը:
«Միանշանակ, ճիշտ եք, պարո՛ն վարչապետ,- ասաց ներկաներից մեկն ու հավելեց,- բայց, եթե նախկին իշխանության օրոք փորձեինք նման բան անել, ապա կհայտնվեինք համապատասխան վայրում»:
Մեկ այլ ցուցարար էլ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ Ամուլսարի հարցով դիմել են ՀՀ վարչական դատարան, սակայն դատական մարմինը 3 տարի շարունակ ձգձգել է, հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի ապրիլին:
Այս ընթացքում 200 գնդեվազցիներ բողոքով դիմել են նաև Միջազգային ֆինասնական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակ և բացահայտել են, որ տեղի է ունեցել միջազգային ստանդարտների խախտում:









