Բացարձակապես անիրատեսկան է սպասել, որ Իրանը հեռանա Սիրիայից և դադարի խաղալ իր դերը տարածաշրջանում: Այդ մասին Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Նրա խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի հարցը քննարկվում է չափազանց պարզեցված համատեքստում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, անփորձ ընթերցողների և հեռուստադիտողի համար ասվում է, որ Իրանը պետք է դուրս գա Սիրիայից, «և այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի»:
«Ընդ որում, դա անդրադառնում է ոչ միայն Սիրիայի, այլ՝ ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանը, իբր, պետք հեռանա բոլոր տեղերից, և այդ ժամանակ ամենուր երջանկություն կլինի», - ասել է ռուս նախարարը:
«Հասկանալի է, որ դա բացարձակապես անիրատեսական է, և որ լուծել խնդիրները տարածաշրջանում առանց դրա առանցքային երկրների, այդ թվում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և շատ ուրիշների, չի հաջողվի», - ընդգծել է Լավրովը: