Այսօր Vesti.am-ը «Ամուլսարի» ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ եթե բնապահպանության նախարարությունում հանքի շահագործման հետ կապված խնդիր չեն տեսնում, միջազգային կառույցներն էլ փոխել են իրենց դիրքորոշումն ու այժմ նրանք էլ խնդիր չեն տեսնում այդտեղ, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ջերմուկցիները հենց այնպես, «իրենց հավեսի համար» արդեն տասն օրից ավելի ճանապարհ են փակում:
Ի պատասխան մեր հարցի՝ ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանն ասաց, որ իրենք պատրաստ են ցանկացած երկխոսության, բայց դա պետք է լինի առարկայական, մասնագիտական:
«Կարևոր է նաև միմյանց լսելու ցանկություն ունենալ: Այս պահին հակառակ կողմը քննարկումներ սկսելու ցանկություն չի հայտնել: Նրանց ասած՝ հանքը պետք է փակվի ու վերջ, ռադիկալ մոտեցում է, որը իրավական երկրում առհասարակ անընդունելի է: Մենք ասում ենք՝ հարգելի բնապահպաններ եկեք, նստենք, երկխոսենք, մենք ապացուցնեք մեր տեսակետը, դուք ապացուցեք ձեր տեսակետը: Կրկնում ենք՝ թող գան ստուգումներ անեն, բայց ընկերության աշխատանքը պետք է վերականգնվի»,- ասաց նա ու կոչ արեց ցուցարարներին օր առաջ դադարեցնել ցույցերն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Վերջինս անկեղծորեն զարմացավ նաև, թե ինչու բոլորն այնպիսի տպավորություն ունեն, որ ընկերության կառավարության մարմիններում ընդգրկված մարդիկ ազգասեր չեն:
«Ինչո՞ւ է թվում, թե մենք չենք մտածում բնապահպանության մասին: Եթե ընկերությունը իմանա, որ բնապահապանական մի փոքր ռիսկ կա և այդ ռիսկը կառավարելի չէ, ապա ընկերությունը չի կարող հանքը շահագործել և օր առաջ կդադարեցնի գործունեությունը»,- նկատեց Մելքումյանը:
Vesti.am-ի մյուս հարցին, թե ի՞նչ է մտադիր անել «Լիդիանը», այն պարագայում, երբ ոստիկանները, ըստ իրենց, թերանում են պարտականություններն իրականացնել, ընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ արդարությունը կվերականգնվի, ոստիկանները խոհեմ կգտնվեն ու խնդիրը լուծում կստանա:
«Այլապես միջկառավարական ներդրումների համաձայնագրերի մասով խնդիրներ կլինեն, ինչից կարող է բխել, որ բոլոր ներդրողներն իրավունք կունենան արդեն պետությունից պահանջել կրած վնասի գումարն ու ակնկալվող շահույթը»,- հստակեցրեց Մելքումյանը:
Vesti.am









