Foto

«Լիդիանի» ներկայացուցիչները դժգոհ են ոստիկանների աշխատանքից

Ամուլսարի հանքավայրի թեմայով այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները: Ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով երեկ Կառավարության առջև տեղի ունեցած «Մենք ենք տերը մեր հանքի» հակացույցին, ասաց, որ ընկերության թե՛ կապալառուները, թե՛ աշխատակիցները որոշեցին, որ մի բան պետք է արվի, ու այդ ակցիան տեղի ունեցավ, իրենք էլ ուղղակի աջակցեցին այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ էլ ունեն իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք:

«Մեր խորին համոզմամբ՝ հանքավայրի տարածքում ընկերության լիազորությունների կազմակերպումը կառավարության դաշտում է գտնվում: Եվ այժմ կոչ ենք անում  կառավարությանը, վարչապետին, որպեսզի այն հորդորները, որ հնչեցրել է Փաշինյանը՝ ճանապարհները բացելու մասով, կյանքի կոչվի: Այս պահին ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ համաչափ գործուղություն ճանապարհները բացելու առումով: Ու ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ այս մարդկանց գործունեությունում կա Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով սահմանված հանցակազմի դրսևորում»,- ասաց ընկերության իրավախորհրդատուն՝ հավելելով, որ յուրաքնաչյուր օր ընկերությունը կրում է մեծ վնասներ:

Vesti.am-ի հարցին, ի պատասխան, թե կարող ենք ասել, որ ոստիկանների աշխատանքներից դժգոհ եք, նա դրական պատասխան տվեց: Ապա ավելացրեց, որ վերջիններիս կողմից չկան բավարար գործողություններ: «Նրանք այնպես չեն անում, որ իրացվեն ընկերության իրավունքները: Բացի այդ՝ ես կրկին ընդգծում եմ, որ այս պահին մեր 1500 աշխատակից չի կարողանում աշխատել, սա մենք համարում ենք ամենաթողության նշան, ու սա պետք է հետապնդվի, ոստիկանությունն էլ պետք է բավարար գործողություներ իրականանցի»,-նկատեց վերջինս՝ իր զարմանքը հայտնելով՝ չէ որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել մարդկանց գործունեության իրավունքը, սակայն նրանք բավարար գործողություն չեն իրականացնում:

Vesti.am-ի մյուս հարցին, թե գուցե ոստիկանները վարչապետի համապատասխան կոչին են սպասում, նա  պատասխան չտվեց: Փոխարենն ասաց, որ դեպի «Ամուլսար» տանող ճանապարհը փակած ցուցարներների խոսակցությունները հանքի մասին ոչ առարկայական են: Հստակեցրեց նաև, որ բոլոր հայտարարությունները սին են և չհիմնավորված, և այս ամենի հիմնական նպատակն է վարկաբեկել ընկերության բարի համբավը:

Ասուլիսի մյուս բանախոս «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն էլ մեր խնդրանքով անդրադարձավ միջազգային այն փորձագետների եզրակացություներին, ըստ որոնց, հանքավայրի շահագործումից թթվածնային դրենաժի լրջագույն խնդիր է առաջ գալու:

Նա նկատեց, որ միջազգային այն մասնագետները, որ ուսումնասիրել էին ընկերության փաստաթղթերն ու որոշակի վերլուծություններ արել, երբ նախարարի միջնորդությամբ հանքավայր էին այցելել,  իրենց տեսակետը որոշ հարցերում փոխել են:

«Նրանք շատ հարցերում փոխել են իրենց տեսակետը, ու որոշ հարցերում թերահավտ են՝ ասելով, որ շարունակեք ձեր աշխատանքները։ Իրենց հիմնական պնդումն այն է, որ հանքի շահագործման նախագծում իրենց կողմից մատնանշված որոշակի կետեր ավելացվեն»,- ասաց Ստեփանյանը՝ հավաստիացնելով, որ ըստ միջազգային մասնագետների այն, ինչ անում է «Լիդիանը», շատ լավ է, ընդունելի ու համապատասխանում է միջազգային սերտիֆիկատներով ենթադրվող պայմաներին:

Vesti.am