ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իր բարձրագույն պարգևը՝ «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանը, կհանձնի աստղագետ, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանին:
Շքանշանը կհանձնի ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջիմ Բրայդենսթայնը՝ ՆԱՍԱ-ի՝ Հյուսթոնում գտնվող Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում: Հայտնի է, որ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին ու կհեռարձակվի «NASA TV»-ով:
«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հանրային ծառայությանն ու գիտական հետազոտություններին: Նա իր խանդավառությունն օգտագործել է տիեզերքն ուսումնասիրելու, ուսանողների ու առհասարակ հանրության համար ոգևորիչ փորձառություններ ապահովելու համար: Դոկտոր Երվանդ Թերզյանն անհավանական ազդեցություն է ունեցել երիտասարդ գիտնականներին ոգեշնչելու ու կրթելու հարցում:
Այս ձեռքբերումներն ու նրա մարդկային բարձր որակներն ապացուցում են, որ Թերզյանն արժանի է «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանին»,-ասված է ՆԱՍԱ-ի՝ պարգևի համար նախապատրաստված տեքստում:









