Foto

Ուսումնասիրություններ ենք կատարում սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ․ նախարար

«Սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի հասկանանք սակագինը և, թե որքան են փոփոխությունները, ավելացումները»: Այդ մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ կլոր սեղանի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նա նշեց, որ բացի գազի սակագնի ձևավորված կառուցվածքից կառավարությունում արդեն իսկ քննարկումներ են սկսվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի կառուցվածքի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը, նախարարը նշեց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկումներ է նախաձեռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և էլեկտրաէներգիա արտադրող մնացած բոլոր կայանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի վիճակ, է և ինչի հնարավոր կլինի հասնել։

«Սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է։ Մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն ինքը կայացնի որոշում, իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է էներգետիկայի շուկայի ազատականացմանը՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքները վաղուց սկսվել են։  Նրա խոսքով՝ այս պահին կա բավականին լավ իրավական և օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա 2 տարվա ընթացքում ավարտել շուկայի ազատականացման գործընթացը։

Vesti.am