Իտալիայի հարավում՝ Նեապոլում և նրա շրջակայքում, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է։ Այդ մասին հայտնում է Corriere del Mezzogiorno պարբերականը։
«Այս պահին տուժածների թիվը 21 է, որոնցից երկուսի վիճակը ծանր է», — նշվում է հրապարակման մեջ։
Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում և հարակից բնակավայրերում, հատկապես Կամպի Ֆլեգրեյ շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը՝ Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:46-ին։ Սա Պոցուոլիի շրջանում վերջին 40 տարվա ամենահզոր ստորգետնյա ցնցումն է՝ այն ժամանակաշրջանից ի վեր, երբ այստեղ վերսկսվել է բրադիսեյսմիկ ակտիվությունը՝ երկրակեղևի դանդաղ բարձրացման կամ իջեցման գործընթացը։
Տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում գրանցվել է ևս մեկ, ավելի թույլ երկրաշարժ՝ 3,8 մագնիտուդով։









