Foto

Սահմանամերձ համայնքների զարգացման և ամրապնդման հիմնախնդիրների լուծումն ազգային անվտանգության առաջնային խնդիրներից է. Աղայան

Հունիսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են ս.թ. հուլիսի 8-ին, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայում կայանալիք բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է  Ռուսաստանի հայերի միության, համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ:

-Պարո՛ն Աղայան, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի ղեկավարը Պաշտպանության նախարարն է, երեկ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվող հիմնական հարցերի մեծ մասը վերաբերել է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ հուլիսի 8-ին, Մոսկվայում տեղի ունենալիք  բիզնես-ֆորումի կազմակերպչական հարցերին: Ի՞նչ արդյունավետությամբ քննարկվեցին այդ հարցերը հանձնաժողովում:

Առաջին հերթին դրված էր բիզնես-ֆորումի ծրագրի քննարկումը: Քանի որ այդ բիզնես-ֆորումն  անցկացվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ, բնական է, որ ծրագիրը կազմել ենք մենք: Բայց, հաշվի առնելով, որ  համաժողովն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ սահմանամերձ համայնքներում ծագած խնդիրների լուծման համար ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի մասնակցությամբ, ուստի պետք է ծրագիրը քննարկեինք  միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ համատեղ: Ծրագիրը ներկայացրել եմ բոլոր մանրամասնություններով: Մինչ այդ  մենք ստացել էինք ֆորումի մասնակիցների ցուցակը: Նշեմ, որ Հայաստանից բավականին ներկայացուցչական պատվիրակություն է,  որոնցից 8-ը պետական բարձրաստիճան  այրեր են:

-Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը:

Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել Հայաստանի սահմանամերձ համայնքներում  ներդրումային քաղաքականությունը և այդ քաղաքականության արդյունքում ստեղծել նոր աշխատատեղեր, կանխել արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագաղթի  դրդապատճառները ոչ թե թշնամու կրակոցներն են, այլ՝ գործազրկությունը:

Նախապատրաստական աշխատանքներից հայտնի դարձավ, որ բավականին աշխատանքներ կատարվում են գործարարների, հատկապես սահմանամերձ համայնքներում ծնված, այսօր ռուսաստանաբնակ գործարարների կողմից: Մնում է նախապատրաստական լուրջ աշխատանք կատարել և ներդրումային գործընթացներում ներգրավել ռուսաստանաբնակ հայ գործարարներին՝ անկախ նրանից, թե նրանք ՀՀ սահմանամերձ որ մարզում է ծնվել:

-Գործարարների գործառույթը ո՞րը պետք է լինի: Նրանք որոշակի ծրագրերում պետք է գումարներ ներդնե՞ն, թե՞ այդ ծրագրերն իրենք իրագործեն:

Առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման խնդիր կա: Քանի որ արտագաղթն այդ համայնքներում հասել է այն աստիճանի, որ նույնիսկ շատ  դպրոցներում արդեն աշակերտների թվաքանակը պակասել է 3-4 անգամ: Այդ համայնքներում աշխատուժը բավականին ծերացել է: Նպատակը հինականում աշխատատեղերի ստեղծումն է: Ներկայացնելու ենք մոտ  230 ծրագիր, որտեղ գործարարները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ: Առաջին հերթին ծրագիրը ներդրումային է, սակայն թող տպավորություն չստեղծվի, որ միայն աշխատատեղերի խնդիրը պետք է լուծվի, չլուծված շատ խնդիրներ կան այդ համայնքներում: Դրանց թվում են դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման, խմելու ջրի, ոռոգման ջրի ցանցի ընդլայնման, գյուղտեխնիկայի ապահովման և բազմաթիվ այլ խնդիրներ: Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Արդեն գործում է  ՀՀ օրենք սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը բոլոր տեսակի հարկերից ազատման մասին: Մենք կոչ ենք անում ՌԴ-ում բնակվող և ոչ միայն հայ բիզնեսմեններին՝ եկե՛ք, մասնակցե՛ք բիզնես-ֆորումին և Ձեր փոքրիկ հայրենիքում ներդրում կատարելով՝ փող աշխատեք ու շենացրեք Ձեր հայրենիքը:

-Այսօրվա իշխանությունը պատրաստակա՞մ է ընդառաջելու այդ գործարարներին: Վարչապետն էլ, երբ պաշտոնավարումից հետո առաջին անգամ գնաց ՌԴ, Սոչիում ռուսաստանահայ գործարար համայնքին կոչ արեց գալ և ներդրումներ անել Հայաստանում: Այսօրվա իշխանությունն արդյո՞ք պատրաստ է ոչ թե խոսքով, այլ գործով կանգնել այդ մարդկանց թիկունքին և աջակցել նրանց գործունեության պաշտպանվածությանը:

Բիզնես-ֆորումը, որը տեղի կունենա Մոսկվայում, հուլիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչիում արված  կոչի առաջին կոնկրետ արձագանքներից մեկն է: Նման պատվիրակության մասնակցությունը խոսում է այն մասին, որ նրանք այդ հարցում շահագրգռված են և պատրաստակամ են օգնելու: Համոզված եմ, որ ծրագիրն իր արդյունքը կտա: Թավշյա հեղափոխությունից հետո շատ ենք շեշտում Նոր Հայաստան կառուցելու անհրաժեշտությունը: Այս ծրագիրն իր հերթին  Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ է ստեղծում, որը համապատասխանում է Նոր Հայաստանի էությանը: Եթե ուզում ենք կառուցել Նոր Հայաստան, Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ, պետք է փորձենք  համայն հայությանը համախմբել  համազգային շահերի շուրջ: Այսօր ամենագլխավոր ազգային շահը Հայաստան երկրի  անվտանգությունն է, իսկ դա մեծապես կախված է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումներից, Հայաստանի տնտեսական պոտենցիալից:

-Ռուսաստանի հայերի միությունը, մասնավորապես միության նախագահ Արա Աբրահամյանը, երկար տարիներ Հայաստանում բազմաթիվ մշակութային, բարեգործական ծրագրեր է իրականացնում: Արդյո՞ք այս համաժողովը, նաև հոկտեմբերին նախատեսվող Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ  համաժողովը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մյուս ծրագրերը, կարծես, կմղվեն երկրորդ  պլան և առաջնությունը կտրվեն այս երկու ծրագրերին:

Ամենևին: Բոլոր նախկին ծրագրերն իրականացվում են և կշարունակվեն տնտեսական ֆորումներին զուգահեռ:

Vesti.am