Օրերս «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր:
Vesti.am-ը նախարարին հարց էր ուղղել՝ կապված կուտակային կենսաթոշակի օրենքի հետ:
Նախարարին նախ հիշեցրել էինք ԱԺ ամբիոնից իր իսկ հնչեցրած միտքը, որ պարտադիր բաղադրիչի չեղարկումը կամ օրենքից հրաժարվելը կարող է ռեպուտացիոն ռիսկեր առաջացնել միջազգային հարթակում, ապա հարց ուղղել՝ իսկ ո՞ւր մնաց սեփական ժողովրդի աչքում մշտապես բարձր վարկանիշ ունենալու հրամայականը, չէ՞ որ դեռ մի քանի տարի առաջ նույն այսօրվա իշխանությունների համար պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական էր:
Այսօր նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը պատասխանել է մեր հարցին՝ մասնավորապես գրելով. «Նախորդ ժամանակահատվածից բավականին փոփոխություններ են իրականացվել կուտակային համակարգում, ամբողջությամբ իրացվել են ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի որոշումը: Այսինքն՝ Սահմանադրության հակասության տեսանկյունից հարցերը վերացվել են, կատարվել են բարելավող օրենսդրական փոփոխություններ: Ներկայիս կուտակային համակարգն ուղղված է դեպի մասնակիցները: Իհարկե, շատ կարևոր է սեփական ժողովրդի գնահատականը, բայց, երևի կհամաձայնեք, որ ոչ միայն կարճաժամկետ հատվածում: Եթե ուշադրությամբ հետևել եք ԱԺ-ում ծավալված քննարկմանը, ապա վստահաբար, նկատած կլինեք, որ համակարգի նպատակադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կենսաթոշակի ապահովումն է»:
Vesti.am